1 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Վանաձորում գործող «Պիրաժոկ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում օբյեկտում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել նորոգ վիճակում, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում և չեն պատրաստված եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող նյութերից։
Խախտումներ են արձանագրվել նաև սառնարանի վիճակում․ այն չի պահպանվել նորոգ և բարվոք վիճակում, իսկ դարակաշարերը ենթարկված են եղել կոռոզիայի։
Բացի այդ, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի խոհանոց, իսկ անձնակազմի համար հանդերձարան չի եղել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սննդի կառույցը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ։