Զբոսաշրջության ոլորտում գործունեությունը պարտադիր պետք է ծանուցվի, մեկնարկը տրվելու է հոկտեմբերին

4 րոպեի ընթերցում

Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտները պարտավոր են լինելու պաշտոնապես ծանուցել իրենց գործունեության մասին։ Ծանուցման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն արդեն բավական աշխատանք է կատարել։ Ավարտման փուլում են  https://notify.tourism.gov.am/ կայքի գործարկման աշխատանքները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ այդ հարթակի միջոցով զբոսաշրջային գործունեություն ծավալողները պետք է ծանուցեն իրենց գործունեության մասին։

«Զբոսավարները, ուղեկցորդները, զբոսաշրջային օպերատորները, զբոսաշրջային գործակալները, հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է այդ հարթակի միջոցով ծանուցեն իրենց գործունեության մասին։ Ծանուցման գործընթացը շատ պարզ է լինելու։ Երբ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը մուտք գործի հարթակ, արդեն իսկ բազմաթիվ տվյալներ լրացված են լինելու։ Իրենց մնալու է մի քանի տեղեկություն հավելել։ Օրինակ՝ հյուրանոցային տնտեսությունների տնօրենները կլրացնեն սենյակների, ննջատեղերի քանակը, զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն, տուրօպերատորները կհավելեն իրենց գործունեության աշխարհագրական ուղղությունները և այլ»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։

Առանց ծանուցման գործունեությունը կհամարվի անօրինական ու կենթադրի պատասխանատվություն՝ տուգանքից մինչև ազատազրկում։ Այս մասով վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է հենց ոլորտում գործունեություն ծավալողների բողոքի հիման վրա։ Շատերն անհավասար մրցակցությունն էին ընդգծում, երբ ստվերային գործունեություն են ծավալում անհատներ ու ավելի շատ եկամուտ ստանում, քան օրենսդրական դաշտում աշխատողները։ Մյուս կողմից որակի խնդրի մասին էր նշվում։

«Օրինակ՝ զբոսաշրջիկին մատուցվող տեղեկատվության անվտանգության խնդիրը։ Այսինքն, չգիտենք, թե ինչ ինֆորմացիա է փոխանցվում զբոսաշրջիկին։ Այս պահին զբոսավարների ու ուղեկցորդների համար որակավորման և վերապատրաստման կարգն ենք հաստատել, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Որակավորելն ու վերապատրաստվելը պարտադիր է լինելու զբոսավարների ու ուղեկցորդների համար։ Որակավորվելուց հետո նրանք պարտադիր պետք է վերապատրաստվեն 3 տարին մեկ անգամ»,-ասաց նա։

Եթե մինչ գործունեության ծանուցումն արդեն իսկ այդ աշխատանքներն արվում են, այդ դեպքում ի՞նչ նոր հնարավորություն ու գործիքակազմ են տալու այս փոփոխությունները։  Անահիտ Մկրտչյանը նշեց, որ նախ ամբողջական, համապարփակ տվյալներ են ունենալու ոլորտում գործունեություն ծավալողների մասին, ինչը հնարավորություն կտա առավել թիրախային աշխատել։ Դրանից բացի, եթե տնտեսվարողները օրենսդրությանը չհամապատասխանող գործունեություն ծավալեն, ապա Զբոսաշրջության կոմիտեն կարող է նոր փոփոխությունների հիման վրա դադարեցնել, կասեցնել գործունեությունը, սա նաև զսպող մեխանիզմ է։ Տնտեսվարողները կձգտեն բարձր որակի ծառայություններ մատուցել, մանավանդ, որ ներդրվելու է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալողների վարկանիշային համակարգ։

Զբոսաշրջության ոլորտում գործունեության ծանուցման մեկնարկը տրվելու է 2026 թվականի հոկտեմբերի 2-րդ կեսին, փուլային տարբերակով։

Հայերեն

Հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

ՆԳ նախարարի տեղակալն անհրաժեշտություն է համարում քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարը

Իրանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակի վրա գրոհը, որի համար մեղադրել էին Թեհրանին

Թուրքիան 9 երկրում նոր դեսպաններ է նշանակել

ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին բողոք են հայտնել Տոկիոյի հակառուսական հայտարարարությունների կապակցությամբ

Զբոսաշրջության ոլորտում գործունեությունը պարտադիր պետք է ծանուցվի, մեկնարկը տրվելու է հոկտեմբերին

Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններում

Դադարեցվել է «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն կապարակնքվել է

ԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքը

Գագարինում հիմնանորոգվում է Գայի փողոցը