Իրավունք

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն

2 րոպեի ընթերցում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 9/2 հողամաս հասցեում գտնվող՝ 0,05 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի հունիսի 12-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,05 հա մակերեսով, 938 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

Այսպիսով, մինչ այսօր դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան քաղաքի տիրապետմանն են վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝

1.      0,05 հա մակերեսով հողամասը,

2.      0,0451 հա մակերեսով հողամասը,

3.      0,08 հա մակերեսով հողամասը,

4.      0,02 հա մակերեսով հողամասը,

5.      0,0402 հա մակերեսով հողամասը,

6.      0,13 հա մակերեսով հողամասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում