Կառավարությունը թոշակները ինդեքսավորելու առաջին որոշումը կկայացնի 2028 թվականի հունվարի 1-ից. Փաշինյան
5 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունը թոշակներն ինդեքսավորելու վերաբերյալ առաջին որոշումը կկայացնի 2028 թվականի հունվարի 1-ից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ արդեն 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում թոշակները ինդեքսավորելու որոշում կայացվի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը թոշակներն ինդեքսավորելու, այսինքն՝ գնաճին զուգահեռ թոշակները բարձրացնելու որոշման մասին հայտարարել էր 2026 թվականի մարտին Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ։
«Ես քարոզարշավի ժամանակ ասել եմ, որ մենք այդպիսի առաջին որոշումը կկայացնենք 2028 թվականի հունվարի 1-ից։ Ինչո՞ւ, որովհետև դուք գիտեք, որ ամեն տարի վիճակագրության կոմիտեն նախորդ տարվա տնտեսական արդյունքները հրապարակում է փետրվարին, այսինքն՝ ավելի շուտ մենք տարվա գնաճային ցուցանիշները չենք կարող իմանալ, իսկ արդեն ապրիլ-մայիսից սկսվում է բյուջետային գործընթացը, այսինքն՝ ինչպես հայտարարել եմ, այնպես էլ կանենք. առաջին նման որոշումը կլինի 2028 թվականի հունվարի 1-ից»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր շահառուներ ներգրավելու հարցին։
«Մենք երեկ քննարկեցինք մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հարցը, և ես խնդիր եմ առաջադրել, որ դա տեղի ունենա 2027 թվականի հունվարի 1-ից։ Մենք նախնական սխեմա ունենք, որ այդ ծախսը 2027 թվականի արդյունքով բաժանենք Կառավարության, գործատուի և շահառուի միջև այն տրամաբանությամբ, որ շահառուն, այսինքն՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2026 թվականի հունվարի 1-ից վճարում է 2000 դրամով պակաս, մենք հունվարի 1-ից դա կուղղենք առողջության ապահովագրության ձեռքբերմանը և նաև գործատուի միջև կբաշխենք, իսկ արդեն 2028 թվականի հունվարի 1-ից այդ ծախսը կբաշխվի աշխատողի և գործառուի միջև։ Այստեղ էլ պետք է հաշվի առնել, որ արդեն համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով աշխատողներն ամսեկան 6000 դրամը հետ կստանան, այսինքն՝ կստացվի, որ 2028 թվականից ամեն ամիս, իհարկե, այսօրվա գներով հաշված 6 հազար դրամը կվճարեն քաղաքացիները, պակասող մասը կվճարեն գործատուները, մինչև այն պահը, երբ աշխատավարձը գերազանցել է 200 հազար դրամը։ Երբ կգերազանցի 200 հազար դրամը, արդեն սովորական ընթացակարգով տեղի կունենա առողջության ապահովագրության ձեռքբերումը»,- ասել է Փաշինյանը։
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացվի, Փաշինյանը պատախսանել է, որ Հայաստանի կառավարությունը նախընտրում է ավելի շուտ մարդկանց առողջության ապահովագրության ձեռքբերման խնդիրը լուծել, քան ավելացնել նվազագույն աշխատավարձը։
«Եթե մենք ընտրություն ունենանք՝ ավելացնե՞լ նվազագույն աշխատավարձը, թե՞ առողջության ապահովագրության ձեռքբերման խնդիրը լուծել, այդ դեպքում ո՞րը ճիշտ կլինի կատարել, իհարկե, առողջության ապահովագրությունը։ Մեզ համար ավելի կարևոր է մարդկանց առողջության նվազագույն կարիքներն ապահովել նաև այն կանխավարկածով, որ 200 հազար դրամ և պակաս աշխատավարձ ստացողների սեգմենտում, այնուամենայնիվ, կա աշխատավարձերի հետ կապված ամենամեծ ստվերը։ Կանխիկով աշխատավարձի պրակտիկան, ցավոք, չի վերացել Հայաստանում, և մենք ուզում ենք ոչ թե խրախուսել դա, այլ խթաններ ստեղծել, որպեսզի այդ ստվերը կրճատվի»,- նշել է Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 75 հազար դրամ է, եթե նույնիսկ որոշեն կրկնապատկել դա, միևնույնն է, նվազագույն աշխատավարձ ստացողներն այդ ճանապարհով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում չեն ընդգրկվի։