Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին
1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և 38 այլ երկիր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում երկրներին կոչ են արել նախօրոք ծանուցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի համար բալիստիկ հրթիռների և կրող հրթիռների արձակումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համատեղ հայտարարության տեքստը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։
Երկրները կոչ են անում վերոնշյալ հրթիռների արձակման մասին տեղեկացնել առնվազն 24 ժամ առաջ։ Նշվում է, որ միջուկային լիցք կրելու ունակ հրթիռների փորձարկումն՝ առանց բավարար նախնական ծանուցման, վտանգավոր է և խաթարում է այդ փորձարկումների մերձակայքում գտնվող երկրների խաղաղությունը։
«Ծանուցման կանոնակարգված, թափանցիկ մեխանիզմները չեն սահմանափակում որևէ երկրի ռազմական զարգացումը կամ օպերատիվ կարիքները։ Փոխարենը դրանք նվազեցնում են սխալ հաշվարկների ռիսկը, ամրապնդում են վստահությունը և արտացոլում ընդհանուր հանձնառությունն անվտանգությանը», - ասվում է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ երկրները ռիսկը նվազեցնելու համար պետք է նաև օդաչուների ու նավաստիների համար հստակ ծանուցումներ տրամադրեն միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ տեղեկատվություն սպասվող բախման և վայրէջքի շրջանների մասին։