Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կփակի դիվանագիտական ներկայացուցչությունները Ճապոնիայում, Կանադայում, Ինդոնեզիայում, Կամերունում և Գրենադայում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կփակի դիվանագիտական ներկայացուցչությունները Ճապոնիայում, Կանադայում, Ինդոնեզիայում, Կամերունում և Գրենադայում

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախատեսում է փակել արտասահմանում գործող հինգ դիվանագիտական ներկայացուցչություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել են ծանուցման բովանդակությանը ծանոթ աղբյուրները։

Նախորդ շաբաթվա վերջին Կոնգրեսի մի շարք հանձնաժողովներ ուղարկված ծանուցման մեջ նշվել է, որ նախատեսվում է փակել ԱՄՆ ներկայացուցչությունները Գրենադայի Սենթ Ջորջս քաղաքում, Ճապոնիայի Նագոյա քաղաքում, Ինդոնեզիայի Մեդան քաղաքում, Կամերունի Դուալա քաղաքում և Կանադայի Վինիպեգ քաղաքում։

Reuters-ը նշում է, որ սա հազվադեպ դեպք է, երբ ԱՄՆ-ը միաժամանակ փակում է մի քանի արտասահմանյան ներկայացուցչություն այն պայմաններում, երբ դա կապված չէ որևէ հստակ աշխարհաքաղաքական իրադարձության հետ։

Դեմոկրատները, ինչպես նաև արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտի որոշ նախկին պաշտոնյաներ, կարծում են, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայության կրճատումը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության փաստացի դադարեցումը կարող են թուլացնել ԱՄՆ դերը և վտանգավոր վակուում ստեղծել, որը կփորձեն լրացնել այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը։

Թեև անցյալ տարի Պետդեպարտամենտում իրականացվել էր լայնածավալ կառուցվածքային վերափոխում՝ լուծարվեցին տասնյակ վարչություններ և կրճատվեցին հարյուրավոր աշխատակիցներ, արտասահմանյան որևէ ներկայացուցչություն չէր փակվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում