Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով
1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր և «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավար Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է ևս երկու ամսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ալեքսանյանի պաշտպանական կողմը։
Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին, իսկ հունիսի 3-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է ներկայացվել հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Քննչական կոմիտեի ներկայացրած հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» շարժման գրասենյակներում քաղաքացիաիրավական պայմանագրերով ձևականորեն աշխատանքի է ընդունվել շուրջ 1400 քաղաքացի՝ կազմակերպվող ցույցերին և հավաքներին մասնակիցներ ներգրավելու նպատակով։ Նրանցից ավելի քան 400-ը, ըստ ՔԿ-ի, միաժամանակ աշխատել են նաև այլ ընկերություններում։
Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը՝ նրան թողնելով կալանքի տակ։