Գարեգին Բ կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նախնական դատալսումը նշանակվել է օգոստոսի 7-ին
1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա փոխանցմամբ՝ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Նիստը նախատեսվում է անցկացնել Էջմիածին քաղաքում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի 15 հասցեում գտնվող դատարանի թիվ 1 դահլիճում։
Ըստ փաստաբանի գրառման՝ Գարեգին Բ կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։
Խոսքը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը խոչընդոտելու վերաբերյալ մեղադրանքի մասին է։
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի հիմքում դրվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությունը։