9 րոպեի ընթերցում
Չինաստանի յուրաքանչյուր նահանգ, քաղաք և բնակավայր ունի իր ուրույն պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Այդ բազմազանությունն առանձնահատուկ արտահայտություն է գտնում Գանսու նահանգում, որտեղ հնագույն Մետաքսի ճանապարհի ժառանգությունը մինչ օրս զգալի ազդեցություն ունի տարածաշրջանի կյանքի և զարգացման վրա՝ միահյուսվելով ժամանակակից տնտեսության, ենթակառուցվածքների և նորարարությունների հետ։ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսուն աստիճանաբար վերածվում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության կարևոր զարգացող հանգույցներից մեկի։
Նահանգի պատմական նշանակության հիմքում Հեսի միջանցքն է, որը հաճախ անվանում են հնագույն Մետաքսի ճանապարհի «ոսկե անցում»։ Այս տարածքով դարեր շարունակ անցել են առևտրականներ, ճանապարհորդներ և տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ՝ նպաստելով Արևելքի և Արևմուտքի միջև տնտեսական ու մշակութային կապերի ձևավորմանը։ Գանսուի ամենահայտնի քաղաքներից մեկը Դունհուանն է, որը ժամանակին Մետաքսի ճանապարհի գլխավոր կանգառներից էր։ Քաղաքը հատկապես հայտնի է մոտակայքում գտնվող Մոգաո քարանձավներով, որոնք հայտնի են նաև որպես Հազար Բուդդայի քարայրներ։
Նահանգի վարչական կենտրոնը՝ Լանժոուն, ունի ավելի քան 4,4 միլիոն բնակչություն։ Քաղաքի անվանումը կապված է դրա հարավում գտնվող Գաոլան լեռան հետ։ «Լան» հիերոգլիֆը վերցված է «Գաոլան» անվանումից, իսկ «ժոու»-ն նշանակում է պրեֆեկտուրա։ Լանժոուն Չինաստանում հայտնի է նաև տավարի մսով իր ավանդական լապշայով։ Ձեռքով պատրաստվող լապշան քաղաքի խոհարարական խորհրդանիշներից է և լայն տարածում ունի երկրի տարբեր շրջաններում։
Լանժոուի միջով հոսում է Դեղին գետը՝ Չինաստանի երկրորդ ամենաերկար գետը Յանցզիից հետո։ Այն կարևոր դեր է ունեցել քաղաքի պատմության, մշակույթի և զարգացման գործում։ Դեղին գետի ավազանը համարվում է հին չինական քաղաքակրթության ձևավորման հիմնական կենտրոններից մեկը։
Լանժոուում քայլելիս կարելի է միաժամանակ տեսնել ինչպես տարբեր էթնիկ համայնքների խոհարարական ավանդույթները, փողոցային առևտուրը, այնպես էլ ժամանակակից առևտրի կենտրոններ ու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական կառույցներ։ Այս բազմազան միջավայրը շարունակում է արտացոլել Մետաքսի ճանապարհի պատմական ու մշակութային ազդեցությունը։
Լանժոուն նաև տարբեր էթնիկ համայնքների համակեցության օրինակներից է։ Քաղաքում բնակվում է մեծաթիվ հուեյ համայնքը՝ Չինաստանի ամենամեծ մուսուլմանական էթնիկ խումբը։ Էթնիկ և մշակութային բազմազանությունը նկատելի է քաղաքի ամեն անկյունում՝ տեղական ռեստորաններից և փոքր ճաշարաններից մինչև առևտրային գոտիներ ու հասարակական տարածքներ։
Լանժոում գտնվող Գանսուի նահանգային թանգարանը, որի հավաքածուն ներառում է ավելի քան 350 հազար ցուցանմուշ, ներկայացնում է նահանգի հարուստ պատմական և մշակութային ժառանգությունը։ Թանգարանի ցուցադրությունները հնարավորություն են տալիս հետևելու տարածաշրջանի բնակչության, տեղական համայնքների և մշակույթների զարգացմանը տարբեր պատմական ժամանակաշրջաններում։
Lanzhou MixC բարձրակարգ առևտրային և մանրածախ կենտրոնը, ինչպես նաև քաղաքի այլ ժամանակակից բարձրահարկ շենքերը, այսօր դարձել են վերափոխվող Լանժոուի քաղաքային պատկերի կարևոր մաս։ Նոր կառույցներն առանձնահատուկ հակադրություն են ստեղծում հնագույն ավանդույթների, պատմական ճարտարապետության և մշակութային ժառանգության հետ՝ արտացոլելով քաղաքի ժամանակակից զարգացման ընթացքը։
Լանժոուի ամենաբանուկ հետիոտնային և զբոսաշրջային գոտիներից մեկը գտնվում է Չժունշան կամրջի շրջակայքում։ Երեկոյան այստեղ են հավաքվում ինչպես տեղացիները, այնպես էլ քաղաքի հյուրերը։ Կամրջի պատմությունն ինքնին հետաքրքրական է. այն կառուցվել է միջազգային համագործակցության մոդելով՝ ամերիկյան ընկերության նախագծի, գերմանական ընկերության իրականացրած շինարարական աշխատանքների և չինացի արհեստավորների մասնակցությամբ 1909 թվականին։ Կամրջից բացվում է տեսարան դեպի Դեղին գետը, իսկ հարակից բլուրների երկայնքով կարելի է տեսնել ավանդական չինական ճարտարապետության բազմաթիվ նմուշներ։
Լանժոուի բնակիչները, հատկապես զբոսաշրջային գոտիներում, բարեհամբույր վերաբերմունք են ցուցաբերում օտարերկրյա այցելուների նկատմամբ և հաճախ պատրաստակամ են օգնել նրանց կողմնորոշվել քաղաքում։ Առաջին անգամ Լանժոու այցելող զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ մոլորվել քաղաքի մարդաշատ հատվածներում, և տեղացիները հաճախ օգնում են նրանց գտնել անհրաժեշտ խանութները կամ ծանոթանալ փողոցային առևտրի առաջարկներին։
Չնայած բնական պաշարների բազմազանությանը՝ Գանսուն շարունակում է մնալ Չինաստանի տնտեսապես համեմատաբար պակաս զարգացած նահանգներից մեկը։ Դրան նպաստում են մի շարք գործոններ, այդ թվում՝ տարածաշրջանի բարդ կլիմայական պայմանները։ 2025 թվականին Գանսուում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմել է 55 897 յուան՝ մոտավորապես 8 261 ԱՄՆ դոլար։ Համեմատության համար՝ նույն ցուցանիշը Պեկինում կազմել է մոտ 220 հազար յուան, Շանհայում՝ 215 հազար յուան, իսկ Ցզյանսու նահանգում՝ 168 հազար յուան։
Այնուամենայնիվ, պետական հետևողական ծրագրերի և ներդրումների շնորհիվ Գանսուի տնտեսությունը շարունակում է զարգանալ։ 2025 թվականին նահանգի համախառն ներքին արդյունքը տարեկան կտրվածքով աճել է 5,8 տոկոսով՝ գերազանցելով Չինաստանի ազգային միջին ցուցանիշը։ Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը արդյունաբերական արտադրությունն է։ Լանժոուի շրջակայքում գործում են բազմաթիվ արտադրական ձեռնարկություններ և արդյունաբերական հաստատություններ։
Չինաստանի տնտեսապես ամենազարգացած նահանգները ավանդաբար կենտրոնացած են երկրի ափամերձ հատվածներում, որտեղ խոշոր նավահանգիստների և ծովային առևտրային ցանցերի առկայությունը նպաստել է արագ տնտեսական աճին։ Միևնույն ժամանակ, Չինաստանի կառավարությունը վերջին տարիներին մեծածավալ ներդրումներ է իրականացրել երկրի այլ տարածաշրջանների, այդ թվում՝ հյուսիս-արևմտյան նահանգների զարգացման ուղղությամբ։ Այդ քաղաքականության արդյունքներն աստիճանաբար ավելի տեսանելի են դառնում նաև Գանսուում։
Նահանգում տեղի ունեցող փոփոխություններն արտահայտվում են ոչ միայն տնտեսական աճի ցուցանիշներով, այլև գյուղական բնակավայրերի զարգացման օրինակներով։ Գանսուի Դինսի քաղաքի Վեյյուան գավառի Յուանգուդույ գյուղը համարվում է Չինաստանում աղքատության հաղթահարման առաջատար օրինակներից մեկը։ Գանսուում է գտնվում նաև Մաջիայաո գյուղը, որը Մաջիայաո մշակույթի հնավայրն է։ Մաջիայաո մշակույթը համարվում է Չինաստանի նեոլիթյան ժամանակաշրջանի ամենանշանակալի մշակույթներից մեկը։
Իր աշխարհագրական դիրքի և կլիմայական պայմանների շնորհիվ Գանսուն Չինաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման առաջատար կենտրոններից է։ Նահանգն ունի նաև հարուստ հանքային պաշարներ, այդ թվում՝ նիկել, պղինձ, ցինկ և կապար։ Տարածաշրջանի տնտեսության կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը։ Գանսուն հայտնի է բարձրորակ սերմերի արտադրությամբ, ինչպես նաև կարտոֆիլի, շուշանների, դեղաբույսերի և գյուղատնտեսական այլ ապրանքների մշակմամբ։
«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության զարգացմանը զուգընթաց Գանսուն ավելի ու ավելի կարևոր դեր է ստանձնում Չինաստանի արևելյան հատվածը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ կապող տնտեսական ու տրանսպորտային ուղիներում։ Դարեր շարունակ գտնվելով տարբեր քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում՝ նահանգը նոր պայմաններում շարունակում է օգտագործել իր պատմական ու աշխարհագրական ներուժը՝ համադրելով Մետաքսի ճանապարհի ժառանգությունը ժամանակակից զարգացման նոր հնարավորությունների հետ։