Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
2 րոպեի ընթերցում

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը Տելեգրամի իր պաշտոնական ալիքում հայտնել է, որ հուլիսի 22-ից սկսվել են Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի լոգիստիկ համալիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ապրանքների սեփականատեր վաճառողների առաջին վճարումները։
Նրա խոսքով՝ առաջնահերթ աջակցություն կստանան առավել փոքր և խոցելի բիզնեսները, որոնց թիվը գերազանցում է 88 հազարը։ Վճարված գումարները վաճառողների անձնական հաշիվներում կհայտնվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Բացի այդ, ընկերությունը հայտնել է, որ առաջիկա մեկ օրվա ընթացքում կվերականգնվի նաև ապրանքների դուրսբերման ծառայության բնականոն աշխատանքը։ Այժմ Wildberries-ը կենտրոնացած է ապրանքների վերաբաշխման վրա տարբեր լոգիստիկ համալիրների միջև՝ ապահովելու ապրանքաշրջանառության արդյունավետությունն ու գործընկերների գործունեության կայունությունը։ Միաժամանակ նշվում է, որ լոգիստիկ գործընթացների վերակազմավորման պայմաններում առաջնահերթությունը տրվում է գնորդների պատվերների հավաքագրմանը՝ սպառողական պահանջարկն ապահովելու նպատակով։
Տատյանա Կիմը նաև հայտնել է, որ հուլիսի 22-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով, Կրասնոդարի երկրամասի վարչակազմի տվյալներով, ցավոք, մեկ մարդ զոհվել է։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և նշել, որ ընկերությունը կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։
«Մենք կհաղթահարենք այս ամենը»,- ամփոփել է Wildberries-ի հիմնադիրը։