Լիբանանի հարավում իրավիճակը հանգիստ է, սակայն ճգնաժամը չի ավարտվել. Գանտահարյանը՝ Մերձավոր Արևելքում զարգացումների մասին

5 րոպեի ընթերցում

Լիբանանում իրավիճակը ներկայում համեմատաբար հանգիստ է, սակայն դա դեռևս չի նշանակում, որ Իսրայելի և Բեյրութի միջև առկա խնդիրները կարգավորվել են։ Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ շարունակում են պահպանվել տարաձայնությունները, իսկ առանցքային հարցերը՝ իսրայելական զորքերի դուրսբերումը և «Հեզբոլլահ»-ի զինաթափումը, դեռևս լուծված չեն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանի շուրջ տիրող իրավիճակին է անդրադարձել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Լիբանանի հարավում, թեև իսրայելական ուժերը շարունակում են սահմանափակ գործողություններ իրականացնել, ընդհանուր առմամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

«Հիմնական խնդիրը շարունակում է մնալ իսրայելական զորքերի հեռացման հարցը։ Վաշինգտոնյան փաստաթղթում այդ գործընթացի ժամկետներն ու մեխանիզմները հստակ ամրագրված չեն, ինչն էլ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Ավելին՝ «դուրսբերում» ձևակերպման փոխարեն հաճախ օգտագործվում է «վերատեղակայում» եզրույթը, ինչը լրացուցիչ անորոշություն է ստեղծում»,-նշել է Գանտահարյանը։

Նա ընդգծել է, որ թեև արդեն հստակեցվել են այն գոտիները, որտեղ իսրայելական ուժերին պետք է փոխարինի Լիբանանի բանակը, այդուհանդերձ, գործընթացի ժամանակացույցը դեռևս վերջնականացված չէ։

Միջազգայնագետի գնահատմամբ՝ Վաշինգտոնից, Բեյրութից և Թել Ավիվից հնչող լավատեսական հայտարարությունները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Լիբանանի նախագահի հանդիպման վերաբերյալ գնահատականները, ավելի շատ քաղաքական և քարոզչական բնույթ ունեն, քան արտացոլում են իրավիճակը տեղում։

«Գետնի վրա դեռևս ո՛չ «Հեզբոլլահ»-ի զինաթափումն է տեղի ունեցել, ո՛չ էլ իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը»,-ասել է Շահան Գանտահարյանը։

Նշենք, որ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հուլիսի 21-ին Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, և սա շուրջ երկու տասնամյակի ընթացքում Լիբանանի նախագահի առաջին այցն էր Սպիտակ տուն։ Նախագահների հանդիպման առանցքում էին Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների իրականացումը, իսրայելական զորքերի փուլային դուրսբերումը Լիբանանի հարավից, Լիբանանի բանակի տեղակայումը սահմանային շրջաններում և «Հեզբոլլահ» շարժման զինաթափման հարցը։

Շահան Գանտահարյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ամերիկյան ավիաընկերություններին տասնամյակների ընդմիջումից հետո վերականգնել ուղիղ չվերթները դեպի Բեյրութ։  

«Թեև դա դեռ չի նշանակում, որ հակամարտությունը լիովին հանգուցալուծվել է, բայց նման քայլերը ցույց են տալիս, որ Վաշինգտոնը փորձում է տարածաշրջանը տեղափոխել համագործակցության նոր փուլ»,-նկատել է մեր զրուցակիցը։  

Անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական իրավիճակին՝ Գանտահարյանը նշել է, որ Վաշինգտոնի նախաձեռնած պայմանավորվածությունների վերաբերյալ երկրում միասնական մոտեցում չկա։ Նրա խոսքով՝ դիմադրության ուժերը դրանք համարում են անընդունելի, մինչդեռ մի շարք քաղաքական ուժեր աջակցում են կառավարությանն ու նախագահին՝ շարունակելու բանակցությունները և փորձելու հասնել հարաբերությունների կայունացման։  

Միջազգայնագետը նաև հավելել է, որ, չնայած տարածաշրջանում շարունակվող լարվածությանը, լիբանանյան ճակատն այսօր համեմատաբար ավելի հանգիստ է, և այն չի համապատասխանում համընդհանուր պատերազմի այն պատկերին, որը նկատվում է Մերձավոր Արևելքի այլ ուղղություններում։  

Նրա խոսքով՝ այս իրավիճակը պետք է դիտարկել նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև նախկին բանակցային գործընթացի համատեքստում, քանի որ Թեհրանը բազմիցս ընդգծել էր, որ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները նաև լիբանանյան ուղղությամբ։

Գանտահարյանի բնորոշմամբ՝ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն հասկանալու համար, թե արդյոք Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն գործնական արդյունքների, թե տարածաշրջանային ընդհանուր զարգացումները կրկին կազդեն Լիբանանի անվտանգության իրավիճակի վրա։

Նա հավելել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման առանցքային նպատակներից մեկը Լիբանանի բանակի հնարավորինս արագ վերատեղակայումն է երկրի հարավում, ինչը, ըստ պաշտոնական հայտարարությունների, պետք է նպաստի անվտանգության իրավիճակի կայունացմանը։

Հայերեն Русский

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ

«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին