ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
2 րոպեի ընթերցում
Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀԿԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 35 մլրդ․ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19 %-ով։
Պետբյուջեի օգտին բռնագանձված ավելի քան 12 մլրդ. դրամը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 18%-ով, իրավաբանական անձանց օգտին բռնագանձված շուրջ 22 մլրդ. դրամը՝ շուրջ 23%-ով, իսկ Ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվածը՝ 9%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում բռնագանձվել է ավելի քան 2,5 մլրդ դրամ կատարողական վճար (կատարողական ծախս), որը 2025 թ․ առաջին կիսամյակում գանձվածի համեմատ ավելի է շուրջ 64 մլն դրամով։
Զեկուցվել է նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկման, հարկադիր կատարման թվային գործիքների շարունակական կատարելագործման հնարավորությունների մասին։ Մասնավորապես՝ ստեղծվել է ծրագրային հնարավորություն, որը թույլ է տալիս հաշվառել նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթները։
Ծառայության 2026 թվականի կիսամյակային արդյունքային ցուցանիշներն ամփոփելով՝ Գլխավոր հարկադիր կատարողը թեև դրական է գնահատել Ծառայության կիսամյակային գործունեության ցուցանիշները, այդուհանդերձ տրվել են համապատասխան հանձնարարականներ առանձին ուղղություններով միատեսակ արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։
ՀԿԱԾ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը հղմամբ։