Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն՝ ստանալով «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավարտված առաջնությունում Կիլիան Մբապեն հեղինակել է 10 գոլ՝ երկու գոլով առաջ անցնելով ռմբարկուների պայքարում երկրորդ տեղը զբաղեցրած Լիոնել Մեսիից։
Կիլիան Մպաբեն լավագույն արդյունքն ունի նաև գոլ+փոխանցում համակարգով. նա իր հաշվին ունի հեղինակած 10 գոլ և 4 գոլային փոխանցում։
Բացի այդ, Մբապեն, Անգլիայի հավաքականի դեմ երրորդ տեղի համար խաղում դառնալով 2 գոլի հեղինակ, շրջանցեց Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի կոչման համար մղվող պայքարում։ Մեսին աշխարհի առաջնություններում հեղինակել է 21 գոլ, իսկ Մբապեն արդեն իր հաշվին ունի 22 գոլ։
Ֆրանսիայի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին, որն էլ իր հերթին եզրափակչում հաղթեց Արգենտինայի հավաքականին և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիայի հավաքականն էլ երրորդ տեղի համար մրցեց Անգլիայի հավաքականի հետ ու պարտվեց 6-4 հաշվով։
Անգլիայի դեմ խաղում Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ ևս անհավանական թվացող արդյունք գրանցեց։ Անգլիացիների դեմ խաղում կատարելով երկու գոլային փոխանցում՝ Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Մայքլ Օլիսեն գերազանցեց լեգենդար Պելեի ռեկորդը՝ աշխարհի մեկ առաջնության ընթացքում կատարելով 7 գոլային փոխանցում։
Պելեն մեկ ԱԱ շրջանակում վեց գոլային փոխանցում էր կատարել 1970 թվականի Մունդիալի ժամանակ։