Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ

4 րոպեի ընթերցում

Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է կայսերական ժառանգության կանոնները մեղմացնելու մասին օրինագիծ՝ կայսերական ընտանիքի թվաքանակի նվազման շուրջ մտահոգությունների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հուլիսի 17-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է ստորին պալատում անցյալ շաբաթ հաստատված օրինագիծը, որը թույլ է տալիս կայսերական ընտանիքին որդեգրել 15 տարեկանից բարձր արական սեռի հեռավոր ազգականների։ Միևնույն ժամանակ կայսերական ընտանիքի կանանց թույլ է տրվում պահպանել իրենց կայսերական կարգավիճակը, նույնիսկ եթե նրանք ամուսնանան հասարակ մարդկանց հետ։

Միևնույն ժամանակ, կանանց գահ բարձրանալն արգելող օրենքը մնում է ուժի մեջ, ինչը նշանակում է, որ ներկայիս կայսր Նարուհիտոյի միակ զավակը՝ արքայադուստր Այկոն, իրավունք չունի ժառանգելու գահը։

Օրինագիծն այժմ պետք է անցնի վերջնական իրավական ընթացակարգերով, որից հետո փոփոխություններն ուժի մեջ կմտնեն։

Ճապոնիան ունի աշխարհի ամենահին շարունակվող ժառանգական միապետությունը, որի տոհմածառը, ենթադրաբար, ընդգրկում է ավելի քան 2600 տարի։

Ներկայում գահի առաջին հավակնորդն է կայսեր կրտսեր եղբայրը՝ 60-ամյա Ֆումիհիտոն։ Նրա որդին՝ 19-ամյա արքայազն Հիսահիտոն, գահի երկրորդ հավակնորդն է։ Հերթում երրորդը և գահի վերջին իրավասու թեկնածուն կայսեր 90-ամյա հորեղբայրն է։

Եթե օրենքում փոփոխություններ չկատարվեն, ապա ժառանգության գիծը կդադարի, եթե արքայազն Հիսահիտոն որդի չունենա։

Սակայն նոր օրինագծով նախկին կայսերական 11 ճյուղերի արական սեռի ժառանգները կարող են որդեգրվել ընտանիքում։ Այս ընտանեկան ճյուղերը հեռացվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բացի այդ, կանայք կպահպանեն կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակը, եթե ամուսնանան հասարակ մարդկանց հետ. նախկինում նրանց ստիպում էին հրաժարվել իրենց տիտղոսներից և լքել ընտանիքը, ինչն արեց արքայադուստր Մակոն 2021 թվականին՝ ամուսնանալով իր ուսանողական տարիների սիրեցյալի հետ։

Նոր փոփոխությունները թույլ կտան ունենալ ավելի մեծ կայսերական ընտանիք, որը կկարողանա կատարել պաշտոնական պարտականություններ, այդ թվում՝ մասնակցել պալատական ​​արարողություններին և հրապարակային ելույթներ ունենալ։ Սակայն հասարակ մարդկանց հետ ամուսնացած կայսերական ընտանիքի կին անդամների զավակները չեն կարողանա ժառանգել գահը։

Սա 1949 թվականից ի վեր Կայսերական տան մասին օրենքի հիմնական տեքստում կատարված առաջին փոփոխությունն է։

Վարչապետ Սանաե Տակաիչին և այլ պահպանողական քաղաքական առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնել այն կանոնին, որ գահը ժառանգեն միայն տղամարդիկ՝ պնդելով դրա կարևորությունը կայսերական լեգիտիմության համար։

Այնուամենայնիվ, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս կին միապետի նկատմամբ հանրային մեծ աջակցություն։

«Մայնիչի Շիմբուն» թերթի կողմից հունիսին անցկացված հարցման 2000 մասնակիցների ավելի քան 70%-ը նշել է, որ կողմ է կայսրուհի ունենալուն։

«Կյոդո Նյուզ»-ի կողմից անցկացված մեկ այլ հարցում ցույց է տվել, որ հարցվածների 83%-ն է կողմ, որ գահ բարձրանա կին։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն