ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի վարչակազմը որոշել է 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել այն ապրանքների մեծ մասի համար, որոնք ԱՄՆ են մատակարարվում Բրազիլիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այսօր նախագահ Թրամփն առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչին հանձնարարել է 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել բրազիլական ներմուծման ապրանքների մեծ մասի համար», - գրել է Ռուբիոն X-ում։
Խոսելով այդ քայլի պատճառների մասին՝ Ռուբիոն պնդել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան «և նրա կառավարությունը բարեխղճորեն չեն վարել բանակցություններ ԱՄՆ-ի հետ»։ «Նրա տնտեսական քաղաքականությունը վնասում է ամերիկացիներին և բրազիլացիներին», - կարծում է պետքարտուղարը։ Նա հայտարարել է, թե «վերջին տարվա ընթացքում Լուլա (դա Սիլվան) իր ինքնասիրությունը դասել է ավելի բարձր, քան գործարքի կնքումը հանուն բրազիլացի ժողովրդի բարեկեցության, և այդ մաքսատուրքերը դրա վճարն են»: