Տնտեսություն

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ. Կարլ Կրես

2 րոպեի ընթերցում

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ. Կարլ Կրես

Ամերիկայի Միացյալ Նահանգների Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսն անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցության թեմային՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք USTDA-ն բանակցություններ է վարում Հայաստանի հետ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (SMR) մատակարարման շուրջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարլ Կրեսը թեմային անդրադարձել է ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Լրագրողը նշել է, որ Հայաստանի միջուկային ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Ռոսատոմ»-ի հետ, ապա հարցրել՝ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը փոխե՞լ է այդ իրավիճակը, արդյոք ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալությունը բանակցություններ է վարում Հայաստանի հետ փոքր մոդուլային ռեակտորների մատակարարման շուրջ։

Կարլ Կրեսը պատասխանել է.

«Մենք արդեն որոշ ժամանակ է՝ աշխատում ենք Հայաստանի հետ՝ երկրում մի շարք նախագծային գաղափարների մշակման ուղղությամբ։ Այդ աշխատանքները շարունակվում են նաև ընտրություններից հետո՝ նույն կերպ, ինչպես մինչ այդ էին ընթանում։ Այս պահին մենք՝ USTDA-ում, որևէ փոփոխություն չենք տեսնում այդ ուղղությամբ կամ մոտեցումներում։ Ինչպես արդեն նշեցի, մենք որոշ ժամանակ է համագործակցում ենք Հայաստանի հետ մի շարք նախագծերի մշակման շուրջ և հույս ունենք, որ մոտ ապագայում այդ առնչությամբ հնարավոր կլինի հայտարարել որոշ նորությունների մասին»։

Հիշեցնենք, որ Հայաստանը նախատեսում  է ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգել Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը, իսկ մինչ այդ Կառավարությունը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ կողմնորոշվել են նոր ատոմակայանի տեսակի հարցում՝ այն լինելու է մոդուլային։ Այդ ուղղությամբ Հայաստանը բանակցություններ է վարում հինգ երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում