Հայաստանում նշվում է ​Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը

5 րոպեի ընթերցում

 

 

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Ըստ եկեղեցական տոնացույցի այն նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տոնը այս տարի կնշվի հուլիսի 12-ին։ 

Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից​առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքին։ Այստեղից էլ ծագում է տոնի անունը՝ «Պայծառակերպության» կամ «Այլակերպության»։ 

Թաբոր լեռան վրա Քրիստոս պայծառակերպվելով աշակերտներին ցույց տվեց Իր զորությունն ու փառքը մինչ Իր խաչվելը, որպեսզի նրանք իմանան, որ Իր տկարության պատճառով չխաչվեց, այլ կամովին, որպեսզի աշխարհը փրկի:

Եվ քանզի Քրիստոս պատգամ էր տվել, որ Իր մասին չպատմեն մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը (Մատթեոս 17.9), այդ պատճառով էլ Հարության և Համբարձման տոներից հետո է կատարվում Վարդավառը:

 Քրիստոնյա բոլոր եկեղեցիները տոնը «Այլակերպություն» անունով են նշում, և միայն Հայ Եկեղեցին է այն անվանում նաև «Պայծառակերպություն»` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը: Այս տոնը, հատկապես ժողովրդի մեջ, հայտնի է նաև «Վարդավառ» անվամբ: Վարդավառի տոնի արմատները հարում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին: Ի սկզբանե, տոնը նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում էր վարդը:  

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:  

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես այս, այնպես էլ շատ մինչ քրիստոնեական պաշտամունքային տարրեր միահյուսել և ընդհանրացրել է եկեղեցական ծիսակարգերով, համարելով, որ ավանդույթները նաև ժողովրդի մշակույթի մի մասն են և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ազգի պատմության ու մշակույթի մասին:

ժողովրդական սովորությունները

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Վարդավառի օրը ընդունված է «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ջրել միմյանց։ Վարդավառն ընդհանրություններ ունի Նավասարդյան տոների հետ, որոնք, ըստ էության, եղել են ամառային արևադարձի տոներ:

Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսակարգի կենտրոնում գլխավորը ջուրն էր՝ Վարդաջրով միմյանց ցողելը։ Սովորույթ կար մինչև Վարդավառ խնձոր չուտել, տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը՝ Խաղողօրհնեքի տոնին։ Տոնակատարությունը հիմնականում տեղի էր ունենում սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվում էին յուրօրինակ սրբատեղիներ ուր կատարվել են նվիրատվություններ և կազամակերպվել՝ ուխտերթեր։

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է` հիշատակի օր։ Այդ օրը եկեղեցիներում ննջեցյալների համար մատուցվում է պատարագ և կատարվում հոգեհանգատյան կարգ: 

Երևանում Վարդավառն այս տարի նշվելու է նոր ձևաչափով։ Հանրապետության հրապարակում սպասվում է համերգային ծրագիր հայտնի արտիստների, արտասահմանյան դիջեյների մասնակցությամբ։ Միջոցառման մեկնարկը կլինի ժամը 12։00-ին։ 

 

 

Հայերեն Русский