Մամուլի սրահ

Քոլեջների ընդունելության հայտագրման գործընթացը մեկնարկել է առանց խնդիրների

3 րոպեի ընթերցում

Քոլեջների ընդունելության հայտագրման գործընթացը մեկնարկել է առանց խնդիրների

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրման գործընթացի մեկնարկը տրվել է հաջողությամբ, առանց խնդիրների։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ համակարգը բացվել է հուլիսի 10-ին՝ առավոտյան ժամը 9-ին, համաձայն ընդունելության նոր կարգի։

«Որևէ տեխնիկական կամ ծրագրային խնդիր չի եղել, գործընթացը սահուն մեկնարկել է։ Համակարգը անխափան աշխատում է, արդեն ունենք 500 դիմում-հայտ։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողը ստեղծում է անհատական հաշիվը, որտեղ բացվում է ՄԿՈՒ հաստատությունների հայտագրման ենթահամակարգը։ Ծնողները կարող են հայտագրել երեխաներին նախընտրելի ուսումնական հաստատությունում։ Մրցույթի փուլն ամփոփելուց հետո նույն հարթակում ծնողները կարող են ստանալ արդյունքները»,-ասաց Արտակ Պողոսյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նախկինում ևս ընդունելությունը տեղի էր ունենում էլեկտրոնային ձևաչափով, սակայն այս տարի համակարգում տվյալների ճշգրտումն ապահովելու նպատակով ներդրվել են նոր հնարավորություններ։

«Դիմորդներին կամ նրանց ընտանիքներին ազատել ենք տարբեր գերատեսչություններից անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու պարտականությունից։ Բոլոր այլ գերատեսչությունների կողմից թվայնացված համակարգերի տեղեկությունները հասանելի են նաև ընդունելության համար և քաղաքացիները ստիպված չեն լինելու նախկին գործընթացների միջով անցնել»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։

Պատասխանատուները նշեցին, որ նոր գործիքակազմն ապահովում է նաև գործընթացի թափանցիկություն։

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունվում են ոչ ոլորտային մասնագիտություններով` հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00-ն, ոլորտային մասնագիտություններով (մշակույթի, սպորտի և բժշկության ուղղություններ)` հուլիսի 10-ից մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00-ն: Ոլորտային մասնագիտությունների համար քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում