Հայաստան

Կառավարությունը 7.5 մլն դրամով կավելացնի ՄԻՊ աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը 7.5 մլն դրամով կավելացնի ՄԻՊ աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները

Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համակարգը կստանա լրացուցիչ ֆինանսավորում․ Կառավարությունը հուլիսի 9-ին նիստում ընդունել է որոշում, որով 7 մլն 524.3 հազար դրամով ավելացվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման ընդունումը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի, որպես կանխարգելման ազգային մեխանիզմի, գործունեության շարունակական բարելավման անհրաժեշտությամբ։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների կատարմանը նպաստող Կամընտիր արձանագրության հատուկ ֆոնդի դրամաշնորհով։ Ֆոնդի կողմից տրամադրվող աջակցությունը կազմում է 20 հազար 26 ԱՄՆ դոլար։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համակարգի զարգացմանը, ազատությունից զրկվածների պահման վայրերի մշտադիտարկման որակի բարելավմանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման մասնագիտական և տեխնիկական կարողությունների ամրապնդմանը։

Նախատեսվում է զարգացնել կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների և փորձագետների գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, մշակել և ինստիտուցիոնալացնել ստանդարտ գործառնական ընթացակարգեր՝ համաձայն ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև վերապատրաստումներ, փորձի փոխանակում, հանրային իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև տեխնիկական վերազինում։ Մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել դյուրակիր համակարգիչ և պլանշետներ, որոնք կօգտագործվեն ազատությունից զրկման վայրեր մշտադիտարկման այցերի ընթացքում տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության համար։

Հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահերի, ինչպես նաև ինքնասպանությունների և ինքնավնասման դեպքերի աճը առաջ է բերել ոլորտում մասնագիտացված վերապատրաստման և արդյունավետ կանխարգելիչ գործիքների ներդրման անհրաժեշտություն։

Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի, գործառույթներն իրականացնող ստորաբաժանումում 2025 թվականի ընթացքում ներգրավվել են նոր աշխատակիցներ և փորձագետներ, որոնք ունեն մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման կարիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում