Հայաստան

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Արագածոտնի մարզ Աշտարակ քաղաքում վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սարգիս Թումանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որ հայտնաբերվել են ստուգման ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ:

«Արտադրական շինություններում չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը։

Արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացման վտանգից։

Չեն եղել պայմաններ պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման համար, հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

Առաստաղի ներքին մակերևույթի կառուցվածքը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից, չեն պահվել նորոգ վիճակում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիմոնադի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում