Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

5 րոպեի ընթերցում

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Վիվա Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գործարքը ռազմավարական քայլ է Viva-ի զարգացման ուղղությամբ։ Ընկերությունը նպատակ ունի ձևավորելու լիարժեք կոնվերգենտ հարթակ, որը մեկ միասնական էկոհամակարգում կմիավորի շարժական կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, հեռահաղորդակցային տրանսպորտային ենթակառուցվածքը և թվային ծառայությունները։

«Viva-ի առանցքային ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտությունն է՝ մոդել, որի շրջանակում շարժական և ֆիքսված կապի ծառայությունները, բովանդակային, ամպային և այլ թվային ծառայությունները միավորվում են՝ ձևավորելով հաճախորդների համար համալիր լուծումներ։

Viva-ի կառուցվածքում լիարժեք ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդելու իր ենթակառուցվածքային ներուժը, այլև բարձրացնելու պրոդուկտային առաջնորդության մակարդակը՝ ապահովելով ծառայությունների և լուծումների պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում։

Ovio-ի ինտեգրումը կընդլայնի Viva-ի հնարավորությունները ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտում, կհզորացնի ընկերության օպտիկամանրաթելային, մալուխային և ռադիոռելեական ենթակառուցվածքը, ինչպես նաև հիմք կստեղծի ազգային մասշտաբի առավել հզոր, կայուն և արդյունավետ՝ հեռահաղորդակցային տրանսպորտային ցանցի ձևավորման համար։ Ակտիվների միավորումը հնարավորություն կտա ավելի արագ գործարկելու կոնվերգենտ ծառայություններ, ձևավորելու ավելի շահավետ փաթեթային առաջարկներ և զարգացնելու թվային բիզնեսի նոր ուղղություններ՝ ֆիզիկական անձանց, կորպորատիվ և պետական հաճախորդների համար։

Կարևոր է նաև ժամանակակից սերտիֆիկացված տվյալների կենտրոնը (Data Center), որը կուժեղացնի Viva-ի ենթակառուցվածքային հնարավորություններն ամպային ծառայությունների, տվյալների պահպանման և մշակման ոլորտներում։ Սեփական տվյալների կենտրոնի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ հիմք նոր սերնդի ծառայությունների զարգացման համար, ներառյալ՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումները։

«Ovio-ի ձեռքբերումը Viva-ի համար ունի երկարաժամկետ ռազմավարական նշանակություն և լիովին համապատասխանում է ընկերության թվային փոխակերպման, բիզնեսի դիվերսիֆիկացման և տեխնոլոգիական առաջատարության ամրապնդման ուղղությանը։ Մեր ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտն է։ Մենք հետևողականորեն ձևավորում ենք էկոհամակարգ, որտեղ բջջային կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, ամպային, բովանդակային և այլ թվային ծառայությունները գործում են որպես մեկ ամբողջություն։ Սեփական ֆիքսված ցանցային ենթակառուցվածքի ձևավորումն ու զարգացումը Viva-ին հնարավորություն կտան զգալիորեն ամրապնդել ոչ միայն ենթակառուցվածքային հնարավորությունները, այլև արտադրանքային առաջատարությունը՝ ապահովելով պրոդուկտային պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում և հաճախորդների փորձառության նոր մակարդակ», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ի և Ovio-ի ցանցային ենթակառուցվածքների միավորումը կապահովի թողունակության աճ, տվյալների փոխանցման արագության բարձրացում, ինչպես նաև կապի որակի և հուսալիության բարելավում։ Ցանցի միասնական կառավարումը հնարավորություն կտա ավելի արագ միացնելու ծառայությունները մասնավոր և բիզնես հաճախորդների համար, ավելի արդյունավետ զարգացնելու բազային կայանների ենթակառուցվածքը և արագացնելու կապի հաջորդ սերունդների տեխնոլոգիաների ներդրումը։

Գործարքը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի հեռահաղորդակցային կայունության համար։ Ինտերնետ-թրաֆիկի միջազգային մատակարարման ուղիների ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը կամրապնդեն Հայաստանի կապակցումը համաշխարհային թվային ենթակառուցվածքի հետ և կբարձրացնեն կապի հուսալիությունը, այդ թվում՝ բարձր ծանրաբեռնվածության և արտակարգ իրավիճակների պայմաններում։

Ovio-ի բաժանորդները կշարունակեն օգտվել գործող ծառայություններից նույն պայմաններով։ Viva-ն կապահովի ծառայությունների անխափան մատուցումը, կապի որակի պահպանումը և հաճախորդների փորձառության շարունակական զարգացումը՝ արդեն միավորված ենթակառուցվածքի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ