Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
2 րոպեի ընթերցում

Ղրղզստանի Հանրապետությունում 2026 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը կանցկացվեն 6-րդ Համաշխարհային քոչվորական խաղերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ղրղզստանի Kabar պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Համաշխարհային քոչվորական խաղերի միջազգային քարտուղարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Միջոցառմանը նախատեսվում է ավելի քան 95 երկրների ներկայացուցիչների, մարզական, մշակութային և ակադեմիական պատվիրակությունների ավելի քան 3000 և աշխարհի տարբեր երկրներից հավատարմագրված ավելի քան 600 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցություն։
Միջոցառմանն ընդառաջ՝ քարտուղարությունը թողարկել է 2026 թվականի Համաշխարհային քոչվորական խաղերի «Կանչը սկսվում է այստեղից» պաշտոնական գովազդային տեսահոլովակը՝ նշելով Խաղերի գլոբալ հաղորդակցման արշավի մեկնարկը։
Տեսանյութը պատմում է սերունդների, մշակույթների և ավանդույթների միջև կապերի մասին՝ ընդգծելով այն արժեքները, որոնք շարունակում են միավորել մարդկանց սահմաններից այն կողմ։
Ներկայացնելով Ղրղզստանի բնապատկերները՝ ֆիլմը հրավիրում է ունկնդիրներին բացահայտել երկրի քոչվորական ժառանգությունը, իմանալ նրա ավանդական սպորտաձևերի մասին և հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր շարունակում են պահպանել այդ ավանդույթներն ապագա սերունդների համար։
Տեսանյութը հանդիսանալու է 2026 թվականի Համաշխարհային քոչվորական խաղերի միջազգային արշավի մաս՝ թվային հարթակներում, միջազգային լրատվամիջոցներում, պաշտոնական ներկայացումներում և ամբողջ աշխարհում գովազդային միջոցառումների ժամանակ։