Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
2 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։
Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը բացման խոսքում ներկայացրել է նախորդ նիստի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացված հանձնարարականների կատարման ընթացքը։
Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին: Քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։