Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
4 րոպեի ընթերցում

Արարատի մարզում միասնական երթուղային ցանցի գործարկման համար նախատեսված 87 ավտոբուսներից արդեն շուրջ 40-ը ներկրվել են, իսկ հունիսի վերջի դրությամբ շահագործման համար պատրաստ կլինի մոտ 70 ավտոբուս։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութում։
«Բուստ» ընկերության ներկայացուցիչ Գարիկ Մանուկյանի խոսքով՝ նախատեսված 87 տրանսպորտային միջոցներից արդեն 40-ը ներկրվել են։ Նրա տեղեկացմամբ՝ ևս 10 մեքենա ներկայում գտնվում է Երևանում՝ տեխնիկական սպասարկման փուլում, իսկ հունիսի վերջի դրությամբ մարզում արդեն կլինի շուրջ 70 ավտոբուս։
Նրա խոսքով՝ ընտրված են այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնք աչքի են ընկնում երկարակեցությամբ, իսկ դրանց սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերը Հայաստանում հասանելի են։ Նոր երթուղային ցանցը կապելու է մարզի փոքր և խոշոր բնակավայրերը՝ ապահովելով նաև համայնքների կապը Երևանի հետ։
Արարատի մարզի բնակիչներին սպասարկող նոր ավտոբուսները հագեցած են օդափոխման համակարգերով, ինչը կարևոր է հատկապես մարզի ամառային շոգ եղանակին։ Նախատեսվում է նաև նվազեցնել կանգառներում սպասելու ժամանակը և բարելավել ուղևորների սպասարկման որակը։
Ընկերությունը բանակցություններ է վարում նաև թվային հարթակների ներդրման ուղղությամբ, որպեսզի քաղաքացիները կարողանան իրական ժամանակում հետևել տրանսպորտային միջոցների տեղաշարժին։
«Ցանկանում ենք, որ բնակիչները կարողանան տեսնել, թե իրենց անհրաժեշտ տրանսպորտը որտեղ է գտնվում և երբ է հասնելու կանգառ, որպեսզի ավելորդ ժամանակ չծախսեն սպասելու վրա»,- նշել է Մանուկյանը։
Ընկերությունը պարտավորվել է սպասարկել մարզի բոլոր երթուղիները, այդ թվում՝ տնտեսապես ոչ շահավետ համարվող ուղղությունները։ Սա մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման հիմնական նպատակներից մեկն է՝ ապահովել հանրային տրանսպորտի հասանելիությունը բոլոր բնակավայրերում՝ անկախ դրանց բնակչության թվից և տեղակայությունից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետ Պապին Գալստյանի խոսքով՝ հանրապետությունում արդեն ամբողջությամբ շահագործման են հանձնվել Կոտայքի մարզի և Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցերը, ինչպես նաև Արմավիրի մարզի Վաղարշապատի և Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանների համակարգերը։
Նրա խոսքով՝ այն մարզերում, որտեղ միասնական երթուղային ցանցը դեռ չի ներդրվել, գործող փոխադրողների հետ պայմանագրերը երկարաձգվում են կարճ ժամկետներով՝ մինչև նոր համակարգի գործարկումը։
Գալստյանը նշել է, որ ոլորտի բարեփոխումները պահանջում են զգալի ներդրումներ մասնավոր հատվածից, ինչի համար Կառավարությունը նախատեսել է աջակցության տարբեր գործիքներ։
«Քանի որ խոսքը մեծ ներդրումների մասին է, Կառավարությունն ունի մրցույթների մասնակիցներին աջակցելու մեխանիզմներ՝ տոկոսադրույքների նվազեցման, մաքսային արտոնությունների և այլ ծրագրերի միջոցով»,- ասել է նա։
Փոխադրող կազմակերպությունները կարող են օգտվել նաև լիզինգային ծրագրերից, քանի որ մրցույթների պարտադիր պայմաններից է նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը։
Նախարարությունում տեղեկացնում են, որ առաջիկայում կհայտարարվի նաև Շիրակի մարզի միասնական երթուղային ցանցի օպերատորի ընտրության մրցույթը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի ամբողջ տարածքում ապահովել հասանելի, կանոնավոր և ժամանակակից հանրային տրանսպորտային ծառայություններ։