Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
2 րոպեի ընթերցում

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել CNOOC նավթընկերության ղեկավարի նախկին տեղակալ Յուան Գուանյուին՝ դատավճռի կատարման երկու տարի ժամկետով հետաձգմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Xinhua գործակալությունը հաղորդում է, որ նա մեղադրվել է 152 միլիոն յուանի (22,5 միլիոն դոլար) կաշառք ստանալու համար:
2001-ից մինչև 2022 թվականը Յուան Գուանյուն ղեկավար պաշտոններ է զբաղեցրել CNOOC-ի կառույցներում: Նա կաշառքի դիմաց կազմակերպություններին և անհատ անձանց օգնել է կնքել նախագծային պայմանագրեր, վարել բիզնես և ստանալ պաշտոններ: Նա ուղղակիորեն կամ երրորդ անձանց միջոցով անօրինական կերպով ստացել է ավելի քան 152 միլիոն յուան գումար:
Յուան Գուանյուն ակտիվորեն համագործակցել է հետաքննության հետ, իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, ինչպես նաև բացահայտել հանցագործությունների որոշ փաստեր, որոնք հայտնի չեն եղել հսկող մարմիններին: Այդ պատճառով նա ստացել է դատավճռի մեղմացում՝ դրա կատարումը հետաձգելու տեսքով: Հետագայում հետաձգումը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ, եթե չպարզվի, որ դատապարտված անձը կատարել է այլ հանցագործություններ:
Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ակտիվացել է 2012 թվականին նախագահ Սի Ծինփինի իշխանության գալուց հետո։ Նրա խոսքով՝ կոռուպցիան «քաղցկեղի ուռուցք է, որն սպառնալիքի տակ է դնում է կուսակցության կենսունակությունը և մարտունակությունը»։
Վերջին մի քանի տարվա ընթացքում լայնածավալ հակակոռուպցիոն արշավի արդյունքում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, խոշոր ընկերությունների ղեկավարներ և շարքային պաշտոնյաներ պաշտոններից զրկվել և բանտարկության պատիժներ են ստացել՝ ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն: