Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը
1 րոպեի ընթերցում

Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված փաստաթղթերը հունիսի 11-ին փոխանցվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի ու Կումայրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն ու համակարգված միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։
Նույն օրը, ժամը 8։40-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարածը։
41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նախաքննությունը շարունակվում է։