Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
2 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ-ում բոլոր ընտրատեղամասերն այլևս փակված են, և քվեարկությունն արտացոլող քվեաթերթիկները գտնվում են արդեն իսկ կապարականքված քվեատուփերի մեջ։
Ըստ այդմ, առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերն ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում։
Հատկանշական է, որ մինչև հնարավոր հոսանքազրկումների վերացնելը, բոլոր դեպքերում ընտրատեղամասերը ապահովված են անհրաժեշտ լապտերներով, պահուստային սնուցման աղբյուրներով, և իհարկե, բոլոր մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ վստահված անձինք, ֆիզիկապես գտնվում են տվյալ տարածքում՝ կապարակնքված քվեատուփերի անմիջական հարևանությամբ»,- գրել է Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ մի խումբ ընտրատեղամասերում, որոնցում էլեկտրականության խափանումներ էին արձանագրվել, էլեկտրականությունը վերականգնված է։