Գագիկ Ծառուկյանը քվեարկել է «լավ փոփոխությունների համար»
2 րոպեի ընթերցում

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ քաղաքացիները փոփոխությունների ակնկալիքով ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշել է, որ վաղ առավոտից ընտրատեղամասերում նկատվող ակտիվությունը վկայում է հասարակության տրամադրությունների մասին։
«Այսօր նայելով այս բոլոր մասնակցությունը, որ առավոտյան ժամը 8-ից ժողովուրդը մասնակցում է ընտրություններին, այսպիսի բան չի եղել։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում, արդեն հոգնել է, ուզում է փոփոխություն, իսկ մենք էլ քվեարկել ենք լավ փոփոխությունների համար, որ ժողովուրդը լավ ապրի, փող աշխատի, տրամադրությունը բարձր լինի»,-ասել է նա։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և իշխանափոխության հնարավորությանը՝ Ծառուկյանը վստահություն է հայտնել ընդդիմության հնարավորությունների վերաբերյալ։
Լրագրողի հարցին, թե արդյոք ընդդիմությունը շանս ունի այս ընտրություններում գալ իշխանության, նա պատասխանել է. «Միանշանակ»։
Ծառուկյանը, միաժամանակ, նշել է, որ չի ցանկանում կանխատեսումներ անել ստացվելիք ձայների վերաբերյալ։
«Ես այդպիսի բան չեմ կարող ասել՝ ինչքան ձայն, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն, մնացածը կնայենք, ովքեր որ ավելի շատ ձայն հավաքեց, նա էլ իր վարչապետի թեկնածությունը կառաջարկի»,-ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը։
Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։