Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես

4 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ հունիսի 7-ին մասնակցելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։

Սիմոնյանը քվեարկեց Երևանում՝ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում և նշեց՝ ակնկալում է, որ իր դուստրը, որի հետ եկել էր ընտրատեղամաս, ապրելու է խաղաղ, հարուստ, բաց երկրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ արեց անել ամեն բան խաղաղ և ազատ երկրում ապրելու համար։

Անդրադառնալով պարբերաբար հրապարակվող ձայնագրություններին, որոնք վերաբերում են ընտրակաշառքներին, նա ասաց, որ ժողովուրդն ակնհայտ բացասական կարծիք ունի այդ ամենի մասին։ «Այն մարդիկ, որոնք մտադիր չէին քվեարկել, այն մարդիկ, որոնք տրամադրված էին քվեարկել այդ ուժերին, հիմա կամ զերծ են մնում, կամ շատ ակտիվ գնում են քվեարկելու»,-ասաց ԱԺ նախագահն ու հավաստիացրեց՝ իրավապահներն աշխատում են և շատ խիստ են լինելու։

Սիմոնյանը կարծում է՝ վախի զգացում կարող են ունենալ միայն այն մարդիկ, որոնք ընտրակաշառք են բաժանել։ Ըստ նրա՝ այդ ուժերը գիտեն, որ ընտրողներ չունեն, ուստի դիմում են նման քայլերի։ «Վստահ եմ, որ նրանք գիտակցում են, որ պարտվելու են և կարող են դադարել զբաղվել քաղաքականությամբ, իսկ պետությունից թալանված գումարները  վերադարձնելու են, որ չկարողանան ընտրակաշառք բաժանել։  Յոթ, ութ տարի առաջ մենք պայքարում էինք, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը գումար չբաժանի»,-շեշտեց ԱԺ նախագահն ու հավելեց՝  օրենսդրական նախաձեռնությունն էլ արդեն շրջանառության մեջ է դրված, ըստ որի՝ ընտրակաշառք բաժանելու համար 7 կամ ութ  տարին դառնալու են 10 և 9 տարի։

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ հետընտրական որևէ պրոցես չի լինի։ «Եթե ընտրություններն ազատ ու արդար են, ինչպես 2018 թվականից ի վեր՝ անկախ նրանից, թե ով է հաղթում, նման բան լինել չի կարող։ Անհնար բան է»,-նշեց նա։

Սիմոնյանը գոհ է քարոզարշավի ընթացքից։ Նա խոստովանեց, որ ամենուր շատ ջերմ ընդունելության են արժանացել, գիտակից վերաբերմունքի։ Ըստ նրա՝ մարդիկ հասկանում են, որ ընտրությունը խաղաղության և ապագայի մեջ է։ Սիմոնյանը վստահ է, որ շատ քիչ են լինելու մարդիկ, որոնք անցյալն են ընտրելու։

Նա կարծում է՝ բարձրացրել են ընտրություններին մասնակցության ակտիվությունը։ «Հանրապետության հրապարակի հանրահավաքին մի քանի անգամ հուզվել եմ, որովհետև այն էներգետիկան, մարդկանց աչքերի փայլը, որ տեսա, տեսել էի 2018-ի հեղափոխության ժամանակ։ Անհավանական էր, ֆանտաստիկ էր։ Անգամ չէինք մտածում, որ այդքան մարդ կգա»,-նշեց Ալեն Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ 2031 թվականին ևս  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Հայերեն English Русский

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան