Առանց հանքային մետաղների անհնար է պատկերացնել ռազմարդյունաբերական արտադրանքը. Վարդան Ջհանյանը՝ ոլորտում ԶՊՄԿ-ի դերի մասին
3 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հունիսի 3-ին և 4-ին կազմակերպել է 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔 ցուցահանդեսը և ֆորումը, որտեղ հայկական առաջատար ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու ինժեներական թիմերը ներկայացնում են պաշտպանական արդյունաբերական, նորարարական և հայրենական գիտական վերջին նվաճումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման պլատինե գործընկերն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Լրագրողների հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, որը տեխնոլոգիական ֆորումի շրջանակում հանդես եկավ որպես ռազմարդյունաբերության և պաշտպանական տեխնոլոգիաների պանելային քննարկման խոսնակ, ասաց, որ ԶՊՄԿ-ն և հանքարդյունաբերության ոլորտը կարևորագույն հումք են տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության համար, քանի որ առանց մետաղների անհնար է պատկերացնել ռազմարդյունաբերության զարգացումը։
«Հայաստանում պղինձն ու մոլիբդենը կարևորագույն մետաղներ են։ Բոլոր տեխնոլոգիաների հիմքում օգտագործվում է պղինձը, իսկ մոլիբդենը, որը Հայաստանում արդյունահանման մեծ ներուժ ունի, օգտագործվում է համաձուլվածքների, տեխնիկայի, հրթիռների մեջ, այսինքն՝ կարևորագույն մետաղ է ռազմական արդյունաբերության համար»,-ասաց նա։
Ջհանյանի խոսքով՝ ապահովելով պետական բյուջեի մուտքերը հարկերի ձևով, ԶՊՄԿ-ն անուղղակի ներդրում է ունենում ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման մեջ։
«ԶՊՄԿ-ն չի կարող ուղղակիորեն մասնակցություն ունենալ ռազմարդյունաբերության մեջ, որովհետև համադրելի ոլորտներ չեն, բայց մենք ուրախ ենք, որ տարբեր ֆորմատներով կարողանում ենք աջակցել բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներին։ Հանքարդյունաբերության ոլորտը միջինում տարեկան 300 միլիոն դոլար պետական եկամուտներ է ապահովում, և քանի որ ոլորտը մեծ ներուժ ունի, մենք մինչև 1 միլիարդ դոլարի պետական եկամուտ կարող ենք ապահովել»,-ասաց Ջհանյանը՝ հավելելով, որ հանքարդյունաբերությունը շատ գիտահեն ոլորտ է։
«Մեր ոլորտը կարևորագույն ոլորտներից է, որն ունի այն գիտական և արդյունաբերական մասնագիտությունները, որոնք պետք են զարգացման համար, այդ թվում՝ մյուս ճյուղերի, ինչպիսին ռազմարդյունաբերությունն է»,-նշեց Վարդան Ջհանյանը։
Միջոցառման կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը դրամաշնորհային ձևաչափով տրամադրել է շուրջ 60 միլիոն դրամ աջակցություն։