Հայ ժողովուրդը փորձությունները հաղթահարել է , երբ առաջնորդվել է միասնականությամբ. ՀՀ նախագահի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

4 րոպեի ընթերցում

Ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝  Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում։

ՀՀ նախագահի աշխատակազմի կողից տարածված ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։

Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր պայմաններում։ Գոյաբանական սպառնալիքների, մարդկային ու նյութական ահռելի կորուստների պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ձևավորել պետական կառավարման համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական հարաբերություններ և միջազգային ներկայություն։

Թեպետ Առաջին Հանրապետության գոյությունը տևեց ընդամենը երկու տարի, դրա պատմական նշանակությունն անհամեմատ ավելի լայն ու խորքային է։ Այն դարձավ հայկական պետականության վերածննդի հիմքը և անկախ ապրելու՝ մեր ժողովրդի կամքի կենսունակության ամենախոսուն ապացույցը։

Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ։ Այն ամենօրյա պատասխանատվություն է՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։

Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։ Դրանք պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։ Ժողովրդավարական պետության ամրությունը սկսվում է քաղաքացու պատասխանատու մասնակցությունից և հանրային վստահության պահպանությունից։

Այս օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ձեռք բերված և անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։

Մաղթում եմ, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։

Տոնդ շնորհավո՛ր, Հանրապետություն»։

Հայերեն

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում