Ռուսական արվեստի թանգարանը «ԴասԱրվեստ» ծրագրով մարզերի դպրոցականներին կծանոթացնի իր հավաքածուի գլուխգործոցներին
3 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանը, որը համակողմանիորեն ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի կեսերի ռուսական արվեստի համաշխարհային նշանակություն ունեցող ընտրանին, «ԴասԱրվեստ» կրթական ծրագրի միջոցով մարզերի դպրոցականներին կծանոթացնի իր հավաքածուի յուրահատուկ նմուշներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը շեշտեց՝ երբեմն Ռուսական արվեստի թանգարան ասելիս մոռանում ենք, որ այն ստեղծվել է հայազգի նվիրյալ Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա։

«Աբրահամյանն ամբողջ կյանքում ապրել և աշխատել է Մոսկվայում և այս հրաշք հավաքածուն, որում համաշխարհային արվեստի գլուխգործոցներ են, նվիրել է իր հայրենիքին։ «ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում թանգարանի ֆոնդերից բնօրինակ առարկաները տանելու ենք մարզերի դպրոցներ, որպեսզի այնտեղ սովորող երեխաները տեսնեն, թե ինչպես է պահպանվում թանգարանային նմուշը, ինչպես է ցուցադրվում և թե ինչ կրթական գործունեություն է իրականացնում թանգարանը»,-ասաց Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ ծրագիրը, որը միտված է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապերի ամրապնդմանը, իրականացրել է Հայաստանի ազգային պատկերասրահը։ Ուրախ է, որ այս անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրի իրագործման հնարավորությունն իրենց է ընձեռել։
Մկրտչյանի խոսքով՝ թանգարաններն այսօր շարունակական կրթության և մշակութային ժամանցի մրցունակ կենտրոններ են։ «Այսօրվա թանգարանը փոխել է իր փիլիսոփայությունը առարակայակենտրոնից դեպի այցելուակենտրոն, և մեր ծրագրերն ուղղված են դրան։ Ձգտում ենք մշակութային, կրթական, ժամանցային ծրագրերի միջոցով նոր լսարան բերել թանգարան»,-ընդգծեց Մարինե Մկրտչյանը։
Անդրադառնալով թանգարանի միջազգային գործունեությանը՝ նա շեշտեց, որ 2024-ին հոբելյանական ցուցահանդես են բացել Տրետյակովյան պատկերասրահում՝ նվիրված Արամ Աբրահամյանի 125-ամյակին։ 2025-ին էլ մասնակցել են Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կազմակերպված Թանգարանների միջազգային խորհրդի «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» 27-րդ միջազգային համաժողովին և դրա շրջանակում անցկացված ICOM Museum Fair 2025 միջազգային թանգարանային էքսպոյին։
Առաջին անգամ Հայաստանն այդ միջազգային ցուցադրությունում ունեցել է տաղավար։