ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել առաքելության բազմամյա գործունեության համար: 

«Դուք կարևորագույն առաքելությամբ եք հիմա Հայաստանի Հանրապետությունում: Կարող եմ ասել, որ մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացման, հատկապես՝ ընտրական ինստիտուտի ձևավորման գործում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դերը շատ զգալի և կարևոր է։ Վստահ եմ, որ այս անգամ ևս ձեր աջակցությամբ, օգնությամբ և մեթոդաբանության կիրառմամբ մենք կանցկացնենք ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրություններ։ Այս ամենի արդյունքում ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վստահ լինի, որ իր ձայնն իսկապես տեղ է հասել»,- նշել է նախագահը։

Յանեժ Լենարչիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փաստել է.

«1996 թվականին էր, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում առաջին անգամ իրականացրեց դիտորդական առաքելություն, իսկ այս անգամը 30-րդն է։ Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել այս տարիների ընթացքում, և ես մանրամասների մեջ շատ չեմ մտնի, քանի որ դուք ինքներդ ամեն ինչ շատ լավ գիտեք»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաքելության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները:

Երկուստեք կարևորվել է ընտրական գործընթացների նկատմամբ աչալուրջ վերահսկողությունն ու հետևողական մշտադիտարկումը, ինչը էական նշանակություն ունի ընտրությունների կազմակերպման որակական նոր մակարդակի ապահովման և հնարավոր թերությունների բացառման համար:

Անդրադարձ է կատարվել նաև ընտրությունների նախաշեմին երկրում տիրող ընդհանուր հասարակական-քաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը և Յանեժ Լենարչիչը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը։

Կողմերն ընդգծել են, որ գործընթացի բոլոր մասնակիցների կողմից պատասխանատու և կոռեկտ նախընտրական քարոզարշավի անցկացումը բխում է հանրային շահից և հանդիսանում է ժողովրդավարական կայունության երաշխիք:

Հանդիպման ավարտին վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ընտրական համակարգի հետագա կատարելագործման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման:

Հայերեն English Русский Türkçe

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա