Տեղի է ունեցել լիբանանցի գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալիի «Հայաստան. մահ և վերականգնված կյանք» գրքի շնորհանդեսը

5 րոպեի ընթերցում

Լիբանանցի գործարար և գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալին մայիսի 7-ին ընթերցողների դատին հանձնեց «Հայաստան. մահ և վերականգնված կյանք» գիրքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, կազմակերպել էր ՀՀ-ում Լիբանանի դեսպանատունը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց այն փաստը, որ գրքի շնորհանդեսն իր շուրջ է համախմբել Հայաստանում Լիբանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Սիրիայի, Եգիպտոսի և Իրաքի դեսպաններին։

«Այս գիրքը հայ-արաբական առնչությունների՝ մասնավորապես Հայաստանի մասին է։ Գրքով հեղինակն իր սերն է արտահայտել առ Հայաստան։ Այն ներկայացնում է հայ-լիբանանյան հարաբերությունների ամբողջ ներկապնակը և ցույց է տալիս, թե հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո հայերն ինչպես են հաստատվել Լիբանանում, դարձել տեղի հասարակական, քաղաքական կյանքի մի մասը, և թե այսօր այդ ամենն ինչ դերակատարություն ունի հայ-լիբանանյան հարաբերությունների վրա»,-ասաց ռեկտորն ու շնորհակալություն հայտնեց Հայաստանում Լիբանանի դեսպան Դիմա Հադդադին ներկայության համար՝ հույս հայտնելով, որ Լիբանանի դեսպանատան հետ համագործակցությունը կընդլայնվի և նոր հորիզոններ կբացի բուհի առաջ։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ևս փաստեց, որ Նիկոլաս Աբու Ֆեյսալի «Հայաստան. մահ և վերականգնված կյանք» գիրքը հեղինակի սիրո դրսևորումն է Հայաստանի հանդեպ։

Նա անդրադարձավ Լիբանանում Հայաստանի դեսպանին՝ վստահեցնելով, որ համագործակցության հաջորդ փուլերը լինելու են շատ արդյունավետ՝ ուղղված ուսանողակենտրոն խնդիրներին, Հայաստան-Լիբանան փայլուն հարաբերությունների առավել զարգացմանը։

Դիմա Հադդադի խոսքով՝ գրքի շնորհանդեսը ևս արտացոլում է երկու երկրների միջև պատմական, ժողովուրդների միջև խորը բարեկամական կապերը։

«Վերջին օրերին բազմաթիվ իրադարձությունների ականատես դարձանք։ Այդ իրադարձություններից էր «Երևանյան երկխոսություն 2026»-ը, որի շրջանակում երկու օր հպարտությամբ ներկայացնում էի Լիբանանը։ Խորագիրը շատ հետաքրքիր էր, հատկապես մեզ՝ Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի ներկայացուցիչների համար.  այն կոչվում էր Riding Through The Storms (Անցնելով փոթորիկների միջով)։ Եվ այսօր մեր տարածաշրջանն իսկապես անցնում է փոթորիկների միջով։ Հայերը մեզ սովորեցրել են, որ պետք չէ թաքնվել փոթորիկների հետևում, այլ պետք է փորձել գտնել գոյատևելու ճանապարհը։ «Երևանյան երկխոսության» ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի արտահայտություն արեց, որը գրավեց իմ ուշադրությունը։ Նա ասաց. «Սա Հայաստանի պահն է»։ Ես կցանկանայի ասել՝ հույս ունեմ, որ այսօր սա Հայաստան-Լիբանան, արաբական աշխարհի պահն է։ Սա Լիբանանի, արաբական աշխարհի և այս հեղինակավոր համալսարանի միջև բարեկամության և հարաբերությունների զարգացման սկիզբն է»,-շեշտեց դեսպանը։

Պաշտոնական ելույթները լսելուց հետո Նիկոլաս Աբու Ֆեյսալին պատիվ համարեց այն, որ շնորհանդեսին ներկա են արաբական երկրների դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները։

«Արդեն 12 տարի Հայաստանում եմ։ Հայաստանը դռներ բացեց լիբանանցի և արաբ ներդրողների առաջ։ Նրանցից շատերը դեռ շարունակում են մնալ այստեղ, ոմանք՝ ոչ։ Կարծում եմ՝ արաբների և հայերի միջև բազմաթիվ նմանություններ կան։ Հաճախ եմ լսում, որ արաբները հյուրընկալել են հայկական ընտանիքներին։ Շատ հայեր Լիբանանում և Հայաստանում չեն ժխտում և չեն մոռանում այդ բարությունն ու հյուրընկալությունը։ Ցանկանում ենք միավորել Հայաստանում ապրող արաբներին՝ սիրիացիներին, լիբանանցիներին, եգիպտացիներին և այլոց։ Հայաստանում արաբները շատ քիչ են, բայց մենք հավատում ենք, որ այս երկիրը նաև մեր երկիրն է, և վստահ ենք նրա ապագային»,-ընդգծեց Աբու Ֆեյսալին։

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնողներին, աջակիցներին և սիրով ներկաներին նվիրեց «Հայաստան. մահ և վերականգնված կյանք» գրքի օրինակները։

Հայերեն العربية