Եվրամիությունում որոշում է ընդունվել Չեռնոգորիայի անդամակցության պայմանագրի մշակումը սկսելու մասին
1 րոպեի ընթերցում
Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունները Չեռնոգորիայի՝ կառույցին անդամակցության վերաբերյալ պայմանագրի մշակումը սկսելու մասին որոշում են կայացրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարթա Կոսը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Չեռնոգորիայի տեղը ԵՄ-ում այժմ ձևավորվում է։ Այսօր անդամ պետությունները որոշեցին սկսել Չեռնոգորիայի ԵՄ անդամակցության պայմանագրի մշակումը։ Սա կարևոր քայլ է ԵՄ անդամակցության ճանապարհին, Չեռնոգորիայի առաջընթացի հստակ ճանաչում և խրախուսում՝ արագացնելու բարեփոխումները։
Այն նաև հնարավորություն է տալիս դասեր քաղել անցյալի ընդլայնումներից և ապագա անդամակցության պայմանագրերում ներառել նոր և ավելի ուժեղ երաշխիքներ՝ օրենքի գերակայության և հիմնարար արժեքների հարցում հետընթացը կանխելու համար»,-գրել է Մարթա Կոսը։