Հայաստան

Երևանում քննարկվեցին բիզնեսի և բնության գործակցության հնարավոր ռիսկերն ու խնդիրները

3 րոպեի ընթերցում

Երևանում քննարկվեցին բիզնեսի և բնության գործակցության հնարավոր ռիսկերն ու խնդիրները

Հայաստանում աշնանը կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին՝ COP17-ին ընդառաջ Երևանում քննարկվեցին բիզնեսի և բնության գործակցության հնարավոր ռիսկերն ու խնդիրները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն» պանելային  քննարկման ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը նշեց, որ  առաջին հայացքից հակադրություն թվացող  բիզնեսն ու կենսաբազմազանությունը ճիշտ կառավարելու  դեպքում կարելի է խուսափել խնդիրներից։

Նա նշեց, որ  բիզնեսը բնության հետ վարելու դեպքում չորս կետից բաղկացած գործողությունների հերթականություն ունեն, որով առաջնորդվում է ընկերությունը։

«Առաջին՝ խուսափելն է կոնկրետ ազդեցությունից, չկառուցել այն օբյեկտը, որը  կարող է բերել կենսաբազմազանության կամ բնության վրա ազդեցության։ Հաջորդը՝ եթե դա անխուսափելի է, նվազեցնել ազդեցությունը։ Երրորդը աշխատանքներից հետո վերականգնելն է, և վերջինը՝ փոխհատուցումն է»,-ասաց Պեպանյանը։

Նա նշեց, որ հանքարդյունաբերության գործունեության մեջ կապալառուների հետ աշխատանքը հաճախ կարող է խնդիրներ առաջացնել, բայց ամենօրյա գործունեության  արդյունքում դրական փոփոխություններ կան։

«Կան կոմպոնենտներ բիզնեսի մեջ, որոնք միշտ կարող են ազդեցություն ունենալ, բայց դրանք կառավարելի են»,-հավելեց Պեպանյանը։

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերին անդրադառնալով՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջերը խոսեց նաև Ամուլսարի գագաթին հայտնաբերված կարմիրգրքյան ծաղկի՝  Մատնունի ծիրանավորի մասին, որը մասնագետների կողմից տեղափոխվել է Սևանի բուսաբանական այգի։

«Նախկինում այդ բույսի մասին ոչ մի տեղ գրված չէր, մենք ենք դա բացահայտել, ներկայացրել։ Եռակողմ պայմանագիր է կնքվել, ներգրավվել են նաև Քեմբրիջի համալսարանի գիտնականները, մեր բուսաբանության ինստիտուտը՝ հաշվառելու բոլոր բուսատեսակները ամբողջ տարածքում, ու դրանց ընդամենը 21 տոկոսն էր ընկնում բուն ինֆրաստրուկտուրայի տարածքում»,-նշեց Պեպանյանը։

Այս տարի «Լիդիան Արմենիա»-ն պլանավորում է ավելացնել բնության տարածքում փորձնական ցանքը, ինչը կատարվել է նաև նախորդ տարի։

«Ունենք մոտ 30 հազարից ավելի հավաքված սերմ, որը հետագայում պլանավորում ենք առանձնացված տարածքում վերադարձնել բնություն»,-հավելեց Արթուր Պեպանյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում