Հայաստան

Վարչապետի մամուլի քարտուղարը խոսել է ԱԲ-ով պայմանավորված ապատեղեկատվական ռիսկերի մասին

2 րոպեի ընթերցում

Վարչապետի մամուլի քարտուղարը խոսել է ԱԲ-ով պայմանավորված ապատեղեկատվական ռիսկերի մասին

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը խոսեց ապատեղեկատվության տարածման նոր մեխանիզմների մասին՝ ընդգծելով արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը նշեց, որ վերջին շրջանում ապատեղեկատվական արշավների բնույթը էականորեն փոխվել է։

«Եթե նախորդող ժամանակահատվածում կեղծ լուրերը ակնհայտ աբսուրդի ժանրից էին, հիմա նարատիվները որոշակիորեն իրական փաստերի վրա են հենվում և շատ ակտիվ օգտագործում են արհեստական բանականությունը»,-ասաց նա։

Վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ այս միտումները հիմք են տալիս կանխատեսելու ապատեղեկատվության նոր ալիքներ։

«Սա է պատճառը, որ մենք ոչ միայն կանխատեսում, այլև կանխորոշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում հնարավոր են արհեստական բանականությամբ ստեղծված փաստաթղթերի «արտահոսքեր», ինչպես նաև գործողություններ, որոնք կթվան իրական։ Խոսքը մասնավորապես վերաբերում է արհեստական բանականությամբ գեներացված ձայնային և տեսանյութային բովանդակությանը, որը շատ նման կլինի իրական պատկերներին»,-ընդգծեց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը հավելեց, որ այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով արդեն իրականացվել են օրենսդրական փոփոխություններ։

«Դրան է ուղղված նաև Ազգային ժողովում վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք նախընտրական շրջանում պահանջում են մակնշել արհեստական բանականության կողմից գեներացված նյութերը, ինչը հնարավորություն կտա որոշակի տարբերակում իրականացնել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այս հարցում կարևոր դեր է ունեցել նաև միջազգային փորձը։

«Տարբեր երկրների փորձը մեզ օգնել է, և մենք կարողացել ենք որոշակի կանխարգելող միջոցներ ստեղծել, որոնք, հույս ունենք, կօգնեն»,-եզրափակեց Նազելի Բաղդասարյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում