Տեսանյութ

Հայ-Բրիտանական առևտրի պալատի անդամները հանրային-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակում հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների հետ

2 րոպեի ընթերցում

Պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության շրջանակներում Հայ-Բրիտանական առևտրի պալատը ապրիլի 21-ին Երևանում անցկացրեց Հանրային-մասնավոր երկխոսության հարթակի նիստը՝ համախմբելով Պալատի անդամ ընկերություններին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության և  Հայաստանի  ֆինանսների նախարարության  ներկայացուցիչներին։

«Մեր նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ հարթակ՝ ապահովելու բաց, թափանցիկ և կառուցողական հաղորդակցություն պետական և մասնավոր հատվածների միջև։ Մենք վստահ ենք, որ նման շարունակական երկխոսության միջոցով հնարավոր է ձևավորել առավել կանխատեսելի, վստահելի և բիզնեսի զարգացմանը նպաստող միջավայր Հայաստանում»։

Հայ-Բրիտանական առևտրի պալատի խորհրդի նախագահ  Արամ Փինաջյանի խոսքով՝ մասնավոր-հանրային հարթակի շրջանակներում  հնարավորություն է ստեղծվում  քննարկելու արդիական խնդիրներ։

«Այս հարթակի իմաստն այն է, որ մենք կարողանանք ներկայացնել մեր խնդիրները և լսել պետական մարմիններից, թե ինչպիսի փոփոխություններ են կանխատեսվում, որպեսզի ստանանք ավելի պարզ և ավելի հասկանալի գործարար միջավայր»,-ասաց Փինաջյանը։

Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան  Փոլ Մորիսը երկխոսությունը կառուցողական համարեց։

«Նման պլատֆորմը մեծ նշանակություն ունի երկու երկրների տնտեսական զարգացման գործում։ Ես շատ ուրախ եմ մասնակցելու այս բաց երկխոսությանը»,-ասաց փոխդեսպանը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ  Ավագ Ավանեսյանը և  Արման Պողոսյանը ներկայացրեցին նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները և ընթացիկ բարեփոխումները։ Նրանք կարևորեցին պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության դերը՝ տնտեսական միջավայրի շարունակական բարելավման գործում: 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում