Իրավունք

Փաշինյանը դատական համակարգում էական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը դատական համակարգում էական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի Հանրապետությունում նոր Սահմանադրության ընդունմամբ՝ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀՀ դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը։

«Հայաստանում նոր Սահմանադրության ընդունմամբ՝ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան․ նույնիսկ կա առաջարկ, որ նոր Սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող, և X ժամանակում միայն բարեվարքության նոր ստանդարտի հաստատմամբ (որի հաստատումը հնարավոր կդառնա արդեն նոր իրավակարգավորումներով) նրանք կվերանշանակվեն»,-մանրամասնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ չի կարող լինել դատական իշխանություն կամ ցանկացած իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չէ։  

«Ես կարծում եմ, որ Դատավորների ընդհանուր ժողովը, օրինակ` Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու իրավունք պետք է չունենա։ Նրանք պետք է իրավունք ունենան թեկնածու առաջադրել, բայց բոլոր դեպքերում պետք է վերջնական որոշումը կայացնի այն մարմինը, որ ժողովրդի առաջնային մանդատը կրում է, և այդ մարմինը Ազգային ժողովն է»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, երբ ինքը տարիներ առաջ ասել է, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, նկատի չի ունեցել, որ իրենից պետք է անկախ լինի, բայց շատերից լինի կախման մեջ։  

«Այստեղ է, որ բալանսի խախտում է առաջանում, և այս խնդիրը պետք է լուծենք։ Օրինակ, եթե պարզվի, որ Հայաստանում կա դատավոր, որը իր պրոֆեսիոնալ մակարդակով չի համապատասխանում դատավորի ստանդարտին, ուրեմն ինքը չի կարող լինել անկախ, որովհետև ինքն անընդհատ որոշում գրելիս, դատավճիռ գրելիս, միջնորդություն քննարկելիս՝ դիմելու է ուրիշների, ինչն արդեն իսկ կախվածություններ է առաջացնում՝ դրանից բխող հետևանքներով»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում