Մեղրիում մանկապարտեզի վերանորոգումից հետո ավելացել է հաճախող երեխաների թիվը
2 րոպեի ընթերցում

Պետության կողմից իրականացվող «500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում հիմնովին վերանորոգվել է Մեղրի համայնքի մանկապարտեզը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը հայտնեց, որ հաստատությունում իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ։ Նախկինում մանկապարտեզը գործել է մասամբ։ Ընդամենը աշխատել է ութ խումբ։

«Վերանորոգումից հետո մանկապարտեզում գրանցվել է սաների թվային աճ, և այսօր արդեն գործում է 11 խումբ։ Կատարվել են հիմնականում ամրակայման և բարեկարգման աշխատանքներ։ Բարելավվել է սանիտարահիգիենիկ վիճակը։ Կառուցվել է նաև մարզադահլիճ, նախկինում եղել է միայն հանդիսությունների դահլիճ։ Երեխաները լիարժեքորեն օգտվում են մանկապարտեզի բոլոր պայմաններից։ Այժմ ունենք նաև հոգեբան-լոգոպետի առանձնացված ուսումնաօժանդակ սենյակ, որտեղ աշխատում են մանկավարժ մասնագետները,- ասաց Սարգսյանը։
Նա հավելեց, որ թեև մանկապարտեզը մասնաճյուղեր ունի հարակից գյուղական համայնքներում տարիքային տարբեր խմբերի համար, սակայն կան ընտանիքներ, որտեղ ծնողների աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նպատակահարմար է երեխաներին բերել Մեղրիի մանկապարտեզ։

«Հատկապես 2023 թվականից հետո, երբ մանկապարտեզը վերաբացվեց, ոգևորությունը բավականին մեծ է, քանի որ Մեղրին չորս տարի չի ունեցել լիարժեք գործող մանկապարտեզ, պարզապես գործել են որոշակի խմբակներ։ Վերաբացումից հետո իրավիճակը շահեկանորեն փոխվել է, ոգևորությունը պահպանվում է։ Ծնողները մանկապարտեզի աշխատանքներից բավականին գոհ են»,- ասաց մանկապարտեզի տնօրենը։
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը մանկապարտեզում նույնպես կատարել է ներդրում։ Հատկացված միջոցներով տեղադրվել են արևային պանելներ։ Հաստատությունը մինչ օրս օգտվում է այդ առավելությունից, ինչն օգնում է տնտեսել գումարներ։

Քանի որ մանկապարտեզ դիմողների թվաքանակը մեծացել է, նախատեսվում է հաստատությունում ավելացնել ևս երկու խումբ։