Հայաստան

Հայաստանում ամփոփվել են շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի արդյունքները

5 րոպեի ընթերցում

Հայաստանում ամփոփվել են շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի արդյունքները

Ավելի քան 470 ջերմաարդիականացված բազմաբնակարան շենք, ավելի քան 40 ներգրավված համայնք և շուրջ 600 հազար շահառու բնակիչ․«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն ամփոփեց արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, քննարկվեցին էներգախնայողության հետագա զարգացման հնարավորությունները Հայաստանում: Ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ և  Կլիմայի կանաչ հիմնադրամի (GCF) աջակցությամբ։

2017 թվականին մեկնարկած նախաձեռնությունը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի՝ դեպի ցածր ածխածնային և էներգետիկ անվտանգ ապագա անցման գործում։ Բարելավելով բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետությունը՝ ծրագիրը նպաստել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և ներառական զարգացմանը։ Ընդհանուր առմամբ ջերմաարդիականացվել է ավելի քան 470 շենք՝ ապահովելով էներգիայի 20-60 տոկոսի խնայողություն՝ կախված իրականացված միջոցառումների ծավալից։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդգծեց  ծրագրի կարևորությունն ու արձանագրված արդյունքները՝ նշելով, որ այն հազարավոր քաղաքացիների համար տեսանելի դարձրեց էներգախնայողության նշանակությունը։  

«Որպես երկիր՝ մենք ձգտում ենք էներգետիկ անկախության և անվտանգության, և այս ճանապարհին էներգախնայողությունը անփոխարինելի դեր ունի: Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել էներգիայի խնայողությանը՝ երկրի դիմակայունությունը բարձրացնելու և տեխնոլոգիական սահմանափակումները նվազեցնելու համար։ Ծրագիրը հնարավորություն է տվել զարգացնել ինստիտուցիոնալ կարողությունները, իրականացնել գործնական ծրագրեր և ստանալ շոշափելի արդյունքներ։ Այն նաև կարևոր դեր խաղաց՝ կապելով պետական և հասարակական ոլորտների ներկայացուցիչներին և ստեղծելով կայուն գործընկերային ցանց»,- ընդգծեց Մեյմարյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին նշեց, որ ռիսկերի նվազեցման և ֆինանսավորման ներգրավման շնորհիվ հնարավոր է եղել բարելավել շենքերի վիճակը, կրճատել արտանետումները և նվազեցնել էներգիայի ծախսը բնակիչների համար.

«Ամենակարևորը՝ մենք հիմք ենք դրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի կայուն գործողությունների և Հայաստանի ավելի կանաչ ապագայի համար»,- նշեց նա։

Նացվիլիշվիլին հավելեց, որ Կլիմայի կանաչ հիմնադրամի էական ֆինանսական աջակցությունը և Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը նպաստել են էներգաարդյունավետությունը կենսունակ և մասշտաբային ներդրումային ուղղության վերածելուն՝ միաժամանակ լուծելով տնային տնտեսությունների մատչելիության խնդիրը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ծրագիրը բնութագրեց որպես ամենահաջողված նախաձեռնություններից մեկը՝ ընդգծելով դրա ազդեցությունը բնակչության էներգաարդյունավետ վարքագծի փոփոխության վրա։ Նա նշեց, որ այն կյանքի չէր կոչվի առանց միջազգային և տեղական գործընկերների, ինչպես նաև շահառուների ակտիվ մասնակցության։

«Ծրագիրը զգալի ազդեցություն է ունեցել էներգաարդյունավետության վրա, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ զգում են դրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ ֆինանսական արդյունքները»,- ասաց փոխնախարարը:

Ավետիսյանը նաև կարևորեց ծրագրի մոդելի փորձարկումն ու հաջող կիրառումը՝ ընդգծելով բազմաշերտ համագործակցության արդյունավետությունը:

Դերակատարները նշեցին, որ ենթակառուցվածքային բարելավումներից բացի, ծրագիրը հանգեցրել է նաև վարքագծային փոփոխությունների․ տնային տնտեսությունները գնալով ավելի հաճախ են կիրառում էներգաարդյունավետ լուծումներ՝ ժամանակակից ջեռուցման համակարգեր, բարելավված ջերմամեկուսացում և լուսադիոդային լուսավորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում