Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը շարունակաբար ընդլայնել է մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը. Podcast
5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի գործունեության 5 տարիների ընթացքում դրան մասնակցել է 113 երիտասարդ՝ աշխարհի 32 երկրից։
«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում այս մասին տեղեկացրեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանը՝ հավելելով, որ արդեն մեկնարկել է ծրագրի 6-րդ շրջափուլը, որի շրջանակներում ընթանում է հայտերի ընդունումը։
«Մարտի 23-ից արդեն իսկ ընդունում ենք հայտերը, իսկ վերջնաժամկետը մինչև մայիսի 1-ն է։ Արդեն 27 հայտեր են ստացվել աշխարհի 14 երկրից»,-մանրամասնեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը մեծ հաջողություններ է գրանցել տարիների ընթացքում՝ ընդլայնելով ինչպես աշխարհագրությունը, այնպես էլ մասնակիցների թիվն ու կազմակերպվող միջոցառումների մասշտաբները։
Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ի հիմնական նպատակն է ստեղծել սփյուռքահայ երիտասարդների ցանց, որոնց միջոցով կամրապնդվի Հայաստան-սփյուռք կապը և կզարգանան համայնքային աշխատանքները։
Ծրագիրը բաղկացած է 2 փուլից, որի շրջանակներում մասնակից սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն են ստանում տեղում ծանոթանալ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակին, ապա վերադառնալով իրենց բնակության երկրներ, շուրջ մեկ տարի շարունակ իրականացնում են տարաբնույթ համայնքային աշխատանքներ։
«Վերջին տարիներին մի փոքր փոփոխություն ենք արել ծրագրում և փորձել ենք միջոցառումներն ավելի մասշտաբային դարձնել։ Նախորդ տարվանից իրականացրել ենք փառատոներ, համաժողովներ, օրինակ՝ Ռումինիայում իրականացվել է հայկական մշակույթի փառատոն, Լեհաստանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծ համաժողով-միջոցառում իրականացրեցինք, որին ներկա էին նաև լեհեր, Ֆրանսիայում անցկացրեցինք Եվրոպայի հայ երիտասարդների համաժողով, որը մեծ արձագանք ստացավ»,-ներկայացրեց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ կազմակերպվող մշակութային միջոցառումներին մասնակցում են նաև օտարազգի ներկայացուցիչներ՝ ծանոթանալով հայկական մշակույթին։
Նրա խոսքով՝ բացի միջոցառումների կազմակերպումը, սփյուռքի երիտասարդ դեսպանները ձեռնամուխ են լինում համայնքներում նոր կառույցների ստեղծմանը։
«Այս տարի նախատեսվում են 2 մեծ միջոցառում՝ մշակութային փառատոն Ռումինիայում, ինչպես նաև Եվրոպայում հայ երիտասարդների համաժողովը, որն անցած տարի արդեն իսկ լայն ընդունելություն է գտել։
Դեռևս 2024 թվականին «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրում հնարավորություն կար ընդգրկելու 20 մասնակցի, իսկ այժմ այդ թիվը հասել է 30-ի։ Բացի այդ՝ ծրագիրը շարունակաբար կատարելագործվում է։
«Ամեն տարի գնահատականների հիման վրա փորձում ենք զարգացնել ծրագիրը և ավելի մեծ փոփոխություններ իրականացնել։ Կպահենք ծրագրի մասշտաբային միջոցառումները, որոնց կմասնակցեն և՛ հայ համայնքները, և՛ տեղի բնակչությունը։ Հայաստանյան փուլում կավելացնենք որոշակի դասընթացներ, որոնք ավելի կօգնեն համայնքային աշխատանքներում։ Այստեղ մասնակիցները 2 շաբաթ անընդմեջ ունենում են դասընթացներ, այցելում են պետական և ոչ պետական կառույցներ։ Այս ցանկն ավելի կընդլայնենք, որպեսզի պատկերացումները ավելի լայն լինեն հայաստանյան իրականության մասին, և մասնակիցները հնարավորություն ունենան ստացած գիտելիքը կիրառել, քանի որ սփյուռքում ստանում են տարբեր տեսակի ինֆորմացիա, տարբեր մեդիա հարթակներից, իսկ երիտասարդ դեսպանները հանդիսանում են այն կապող օղակը, որոնք հստակ, ճիշտ ինֆորմացիա են տալիս համայնքներում»,-ասաց Խաչատրյանը՝ շեշտելով, որ արդեն իսկ գրանցված արդյունքները պարտավորեցնող են՝ ավելի զարգացնելու ծրագիրը և մեծ թվով երիտասարդների հնարավորություն ընձեռելու աշխատել իրենց համայնքներում և զարգացնել Հայաստան-սփյուռք կապը։
Առավել մանրամասն՝ Podcast-ում
