Հայաստան

Հայտնի են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթներում հաղթած նախագծերը

7 րոպեի ընթերցում

Հայտնի են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթներում հաղթած նախագծերը

Ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային մրցույթների շնորհիվ 2026 թվականին մի շարք մշակութային ծրագրեր կիրականացվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ ապրիլի 7-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց, որ նախորդ տարվանից են դրամաշնորհային ծրագրերն ու նախագծերը ներկայացնում հանրային հարթակում, քանի որ այդ ձևաչափն անհատներին և կազմակերպություններին հնարավորություն է տալիս ծանոթանալ միմյանց կատարած աշխատանքին, ճանաչել իրար և համագործակցության եզրեր գտնել։

«Այս միջոցառումները կարևոր են նաև թափանցիկության առումով, քանի որ բոլորը տեղեկանում են, թե պետության ֆինանսավորմամբ ինչպիսի ծրագրեր կամ նախագծեր են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում։ Կարողանում ենք նաև ուղիղ խոսել մասնակիցների հետ և ներկայացնել պետության ակնկալիքները»,-նշեց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ իրենց հաճախ են հարցնում, թե ինչու այս կամ այն ծրագիրը, որն իրականացվել է տարիներ շարունակ չի հաղթել մրցույթում։ Փոխնախարարը պատասխանում է, որ դա բնական երևույթ է. 90-ականներին, 2000-ականներին, 2010-ականներին, 2020-ականների սկզբին անցկացված ծրագրերը հավանական է, որ 2026-ին չհամապատասխանեն հասարակության, պետության սպասելիքներին, արվեստի զարգացման գործընթացներին։

Դանիելյանի համոզմամբ՝ դրամաշնորհային մրցույթը չհաղթահարելը գաղափարների արդիականացման առիթ կարող է դառնալ։

«Ունենք մոտ մեկ տասնյակ ուղղություն, որոնց ֆինանսավորում ենք տրամադրում։ Ցանկացած նախագիծ պետք է ունենա կրթամշակութային, կրթական բաղադրիչ, քանի որ մշակույթով ենք կրթությունը զարգացնում, և մեկն առանց մյուսի չի կարող լինել դինամիկ և ընդհանրապես գոյություն ունենալ։ Նախագծերը պետք է ունենան նաև մարզային մշակութային կյանքը զարգացնելու բաղադրիչներ»,-շեշտեց Դանիել Դանիելյանը։

2026 թվականին դրամաշնորհային մրցույթն անցկացվել է 7 անվանակարգով՝ ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր, կինոարվեստի նախագծեր, արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում, Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն»:

Վերոնշյալ 7 անվանակարգերով ստացվել է 132 և հաստատվել 51 հայտ. «Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր»՝ 25 հայտ, ընտրվել է 6 նախագիծ, նախատեսված ֆինանսավորումը՝ 52703,7 հազար դրամ, «Կինոարվեստի նախագծեր»՝ 10 հայտ, ընտրվել է 7 նախագիծ, նախատեսված ֆինանսավորումը՝ 75000,0 հազար դրամ, «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»՝ 54 հայտ, ընտրվել է 24 նախագիծ, նախատեսված ֆինանսավորումը՝ 324000,0 հազար դրամ, «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»՝ 43 հայտ, ընտրվել է 14 նախագիծ, նախատեսված ֆինանսավորումը՝ 130884,9 հազար դրամ:

Վերոնշյալ 51 նախագծից 34-ը իրականացվելու են ՀՀ մարզերում կամ ունեն մարզային բաղադրիչ:

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ներկայացվել է 110 հայտ, ընտրվել է 47 նախագիծ, նախատեսված ֆինանսավորումը՝ 45342,0 հազար դրամ, «Ոչ պետական մամուլի հրատարակում»՝ ներկայացվել է 29 հայտ, ընտրվել է 24 նախագիծ, նախատեսված ֆինանսավորումը՝ 63360,4 հազար դրամ, «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ներկայացվել է 7 հայտ, ընտրվել է 4 նախագիծ, նախատեսված ֆինանսավորումը՝ 36000,0  հազար դրամ։

Ընդհանուր հայտերի թիվը 278 է,  ընտրված նախագծերի թիվը՝ 126։ Նախատեսված ֆինանսավորում՝ 727 291,0 հազար դրամ:

Հաղթող կազմակերպություններից ակնկալվում է իրականացնել համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն ստեղծագործական ներուժի բացահայտմանը, բարձրորակ մշակութային արտադրանքի ձևավորմանը և ներառական, մատչելի մշակութային միջավայրի զարգացմանը։

Մարզային բաղադրիչ. «Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր»՝ Արևիկից արևներին, «Քույր դպրոցներ» մշակութային  կրթության նպատակային ծրագիր, «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիր, «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես, «Փայտփորիկ» Սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադա։

«Կինոարվեստի նախագծեր»՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն, «Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոն, 24-րդ. թողարկում, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոն։

«Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»՝ «Մշակույթը Զենք», Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոն, «Հուսո առագաստ-2026» հեղինակային երգի միջազգային փառատոն, «Summeet» Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոն, «Գրիգոր Հախինյան-100» համերգային ծրագիր, Երևանի Շեքսպիրյան Միջազգային թատերական փառատոն, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն, Կարլ Չապեկ  «Սպիտակ Ախտ»  (ներկայացման հյուրախաղեր), «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոն, «Արվեստն իմ հույզերով» ամառային  ներառական դպրոց, «Hope for Dreams» Երաժշտական-կրթական ներառական նախագիծ, «Հայաստանի գույները» ակվարելի 4-րդ միջազգային փառատոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում