Մամուլի սրահ

Շուրջ 2 տասնյակ ուսումնական հաստատություն՝ մեկ հարթակում․ կանցկացվի «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

Շուրջ 2 տասնյակ ուսումնական հաստատություն՝ մեկ հարթակում․ կանցկացվի  «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը

Երևանում ապրիլի 11-ին կանցկացվի «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը։ Այն անցկացվելու է երկու բաղադրիչով, բուն ցուցահանդեսը կայանալու է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մասնակից ուսումնական կենտրոնները ներկայացնելու են իրենց կրթական ծրագրերը։ Երկրորդ հատվածը լինելու է թատրոնի բակում, որտեղ լինելու են ցուցադրական ելույթներ, ինտերակտիվ միջոցառումներ, մրցույթներ՝ ներգրավելով այցելուներին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսի կազմակերպիչ Սերգեյ Քոչարյանը նշեց, որ մասնակցում է շուրջ 20 ուսումնական հաստատություն։

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որտեղ համախմբում են բոլոր շահագրգիռ կողմերը՝ ուսումնական հաստատությունները, դիմորդները, աշակերտները կամ պարզապես կրթական ծրագրերով հետաքրքրվող անձինք։ Ուսումնական հաստատությունները հնարավորություն ունեն անմիջական շփման ձևաչափով ներկայացնել իրենց ծրագրերը, դրանցից բխող հնարավորությունները, նորարարությունները, պահանջված մասնագիտությունները»,-ասաց Սերգեյ Քոչարյանը։  

Ցուցահանդեսին կա բավական բազմազան մասնակցություն։ Ներկա են լինելու ամենատարբեր ուղղություններով մասնագիտական, դպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ Դրանց թվում է նաև նեղ մասնագիտական կրթություն իրականացնող «Ավիաուսումնական կենտրոն»-ը, որը գործում է 1993 թվականից։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիաուսումնական կենտրոն»-ի տնօրեն Կամո Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիներին դիմորդների շրջանում նկատվում է ակտիվություն։ Շատերը սկսել են  հետաքրքրվել ավիացիայի ոլորտի մասնագիտություններով։

«Մասնագիտությունները տարբեր են՝ օդային երթևեկության կարգավարներ, ավիատեխնիկներ, թռչող ապարատների թռիչքային շահագործման մասնագետներ և այլն։ 2025-2026 ուսումնական տարվա համար մենք առաջին անգամ ներդրել ենք ավիացիոն ռադիոէլեկտրոնային  սարքավորումներ սպասարկող մասնագետների բաժինը։ Ասեմ, որ այս մասնագիտությունը բավական պահանջարկ ունի թե Հայաստանում, թե այլ երկրներում»,-ասաց Կամո Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ ցուցահանդեսին ներկայացնելու են ոչ միայն իրենց կրթական ծրագրերը, այլև դրոններով ցուցադրական ելույթներ են ունենալու։

Ոչ պակաս հետաքրքրիր ծրագրերով ու առաջարկներով է հանդես գալու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը նշեց, որ նման միջոցառումներին մասնակցությունը շատ կարևոր է։

«Բուհը մեծ աշխատանք է կատարում, որ ճիշտ կողմնորոշի դիմորդներին։ Մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ամեն տարի 20 տոկոսով աճում է դիմորդների թիվը։ Ամենաշատը դիմորդները հետաքրքրված են դիզայնով, այնուհետև՝ ճարտարապետությամբ։ Վերջերս թափ է հավաքել նաև շինարարության ուղղվածությունը։ Մեծ նշանակություն ենք տալիս պրակտիկ պարապմունքներին։ Կրթական կարևոր բաղադրիչ են լաբորատոր փորձերը։ Ցուցահանդեսին ևս լաբորատորիաների վրա ենք շեշտը դնելու, մասնավորապես ներկայացնելու ենք մի մոդել, որը կարևոր գործիք է պարունակում ու հեշտացնում է շինաշխատանքները՝ սկսած նախագծման փուլից»,-ասաց Արամ Սահակյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում