Հայաստան

«Իմ Ուղին» մասնագիտական ուսուցման կենտրոնում նշվեց Աուտիզմի իրազեկման միջազգային օրը

7 րոպեի ընթերցում

«Իմ Ուղին» մասնագիտական ուսուցման կենտրոնում նշվեց Աուտիզմի իրազեկման միջազգային օրը

Աուտիզմի ազգային հիմնադրամը «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական ՀԿ-ի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում անցկացրեց իր ամենամյա միջոցառումը։

Միջոցառումը կրում էր՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աուտիզմի ազգային հիմնադրամի տնօրեն, բժիշկ Լիլիթ Աթաջանյանը նշեց, որ միջոցառումը կարևոր հարթակ է պետական կառույցների, մասնագիտական համայնքի և հասարակության համախմբման համար՝ նպաստելով իրազեկվածության բարձրացմանը, ընդունման մշակույթի ձևավորմանը և աուտիզմ ունեցող անձանց  և նրանց ընտանիքների աջակցության ընդլայնմանը։  

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը կրող միջոցառում

«Մեր կենտրոնն ունի քսան տարվա պատմություն, և այս միջոցառումն ավանդական է։ Մինչ օրս իրականացրել ենք քայլարշավներ, կազմակերպել համաժողովներ։ Ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, հաճախակի իրականացրել ենք բազմաթիվ այլ միջոցառումներ։ Այսօր ցույց ենք տալու մեր երեխաների աշխատանքները, ինչը նրանց համար օգտակար թերապիա է։ Մեր բոլոր սաները ստանում են անվճար թերապիաներ և անհրաժեշտ բոլոր ծառայությունները, այդ թվում՝ ֆիզիկական դաստիարակության ադապտացիա, երաժշտաթերապիա, արտթերապիա, լոգոպետի աջակցություն և այլն։ Այսօր կազմակերպել ենք նաև երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որպեսզի հավաքագրված ողջ հասույթն ուղղենք կենտրոնի երեք սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը՝ տնից մինչև մեր կենտրոն հասնելու համար»,- ասաց Աթաջանյանը։

Կենտրոնի տնօրենը հավելեց, որ անցյալ տարվա միջոցառման հասույթը հատկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք երեխաների ընտանիքներին, որպեսզի փոքրիկները մոտակա գյուղերից հաճախեն ուսուցման կենտրոն։ Այստեղ հաճախում են 235 սաներ, որոնցից 17-ը Լեռնային Ղարաբաղից են։ Կենտրոնում աշխատում են 45 մասնագետ-ուսուցիչներ, որոնց աշխատավարձերը ձևավորվում են դրամաշնորհների միջոցով։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ շատ կարևոր է ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել աուտիզմով երեխաներին և համոզվել, որ բոլոր ծառայությունները, որոնց կարիքն ունեն, պատշաճ կերպով ստանում են։

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը կրող միջոցառում

«Մեզ համար կարևոր է նաև, որ ցանկացած առանձնահատկություն ունեցող երեխա, այդ թվում՝ աուտիզմ ունեցողները, ամենավաղ տարիքից ընդգրկված լինեն կրթական պրոցեսի մեջ, ունենան հավասար հնարավորություններ, այդ թվում՝ սոցիալիզացիայի հնարավորություն։ Այդ ուղղությամբ պետությունը գործադրում է մեծ ջանքեր։ Թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի բազմաթիվ երեխաներ սովորում են հանրակրթական դպրոցներում։ Մեզ համար մասնագիտացված հաստատությունները շատ կարևոր են։ Մեր կողմից ֆինանսավորվում է այս կառույցի գործունեության որոշակի մասը, քանզի տեղում ցուցաբերվող ծառայություններն օգնում են երեխաներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ մանկավարժահոգեբանական աջակցություն՝ հաղթահարելով այն դժվարությունները, որոնք առկա են տարբեր ոլորտներում։ Արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի երեխաներն ավելի պատրաստ լինեն հասարակության մեջ ընդգրկվելուն, և այդ առումով տվյալ կառույցը բավականին լավ արդյունքներ է գրանցում»,- ասաց Սվաջյանը։

«Արաբկիր» ԲՀ երեխաների, դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ ամեն անգամ նման առիթների դեպքում հիշում է 1999 թվականը, երբ Հայաստանում առաջին անգամ հայտարարվեց աուտիզմին առնչվող ծրագրի մեկնարկի մասին։

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը կրող միջոցառում

«Ես տևական ժամանակ խնդրով զբաղվում եմ ո՛չ որպես վիրաբույժ, այլ որպես առողջապահության կազմակերպիչ։ Ցանկանում եմ օգնել մասնագետներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես պետք է զբաղվել աուտիզմով, ինչպես պետք է աշխատել պացիենտների հետ։ Աուտիզմը շիզոֆրենիա չէ, ինչպես ոմանք սխալմամբ պնդում էին նախկինում։ Ուրախ եմ, որ նրանք արդեն փոխել են իրենց կարծիքը։ Այժմ լիարժեք կարողանում ենք ստեղծել այն ամբողջ ենթակառուցվածքներն ու մթնոլորտը, ինչը կարևոր է այս երեխաների զարգացման, նրանց ներառական ապագայի համար։ Նրանց ծնողների հետ շարունակաբար աշխատել ենք, ձեռք ձեռքի տված՝շարժվել առաջ։ Եթե հասարակությունը չընդունի, որ ունենք նմանատիպ խնդիրներ, ապա չենք կարող դրանց տալ համարժեք լուծումներ։ Ո՛չ պետությունը, ո՛չ մասնագետները, ո՛չ էլ ծնողները միայնակ չեն կարող այս հարցը լուծել, հետևաբար անհրաժեշտ է միասնական ու համակարգված աշխատանք»,- ասաց Բաբլոյանը։

Նրա հավաստմամբ՝ մասնագետները ժամանակի ընթացքում պետությանը ցույց են տվել տվյալ ծրագրի զարգացման անհրաժեշտությունը, և հիմա աշխատանքների զգալի մասը հովանավորվում է պետության կողմից։ Կան նաև հիմնադրամներ, որոնք նույնպես աջակցում են այդ գործում, ինչը կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ի վիճակի չեն վճարել ծառայությունների համար։

Խորհրդանշական օրվա առթիվ՝ կայացավ ինկլյուզիվ համերգ, որը կազմակերպվել էր ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության կողմից՝ հայտնի երաժիշտների և «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ Համերգը նպատակն էր նպաստել խոցելի խմբերի նկատմամբ իրազեկվածության բարձրացմանը, հանդուրժողականության և գնահատման մշակույթի ձևավորմանը՝ դարձնելով արվեստը հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը կրող միջոցառում

Այնուհետև կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք՝ կենտրոնի սաների ստեղծած նկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների, որը հնարավորություն կտա բացահայտելու նրանց յուրահատուկ աշխարհը և միաժամանակ աջակցելու նրանց ստեղծագործական զարգացմանը։

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը կրող միջոցառում

Հրավիրված հյուրերի թվում էին ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Աուտիզմի ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, աուտիզմ ունեցող երեխաների ծնողները, ոլորտի մասնագետներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում