Հայաստան

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո կայացել է նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը։ 

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը և Դավիթ Սանամյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը։

Նորակոչիկ զինծառայողները երդվել են, որ լինելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելության և անառիկության երաշխավորը, միաժամանակ վստահեցնելով, որ արդարացնելու են իրենց հետ կապված բոլոր հույսերն ու սպասումները։

Հիշարժան օրվա կապակցությամբ նորակոչիկներին շնորհավորել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, այնուհետև ելույթի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը։

Երդման արարողության կապակցությամբ ծնողների անունից նորակոչիկներին շնորհավորել է ծնող Նոնա Հակոբյանը։

Նորակոչիկները կատարել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը, և երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով։

Հանդիսավոր արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրել են հատուկ մարտավարական և ձեռնամարտի հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր։

Այցի ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում