Աշխարհ

Հունաստանը ոչխարի ջրծաղիկի բռնկման պատճառով նախազգուշացրել է ֆետա պանրի դեֆիցիտի մասին

2 րոպեի ընթերցում

Հունաստանը ոչխարի ջրծաղիկի բռնկման պատճառով նախազգուշացրել է ֆետա պանրի դեֆիցիտի մասին

Կաթի մատակարարումների նվազման արդյունքում Հունաստանում ֆետա տեսակի պանրի արտադրությունը կկրճատվի 20000 տոննայով: Պատճառը ոչխարների և այծերի գլխաքանակի վրա ազդող ջրծաղիկի համաճարակն է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Անցյալ տարի Հունաստանում գրանցված ջրծաղիկի բռնկումը, որը ոչնչացրեց այծերի և ոչխարների մեծաքանակ նախիրներ, լրջորեն ազդել է երկրի գյուղատնտեսական ոլորտի վրա: Ամենաշատը տուժել են կենտրոնական և հյուսիսային շրջանները: Մարտի սկզբին ավելի քան 480 000 կենդանի է մորթվել։ Հույն ֆերմերները բացահայտորեն արտահայտում են իրենց անհանգստությունն ու հուսահատությունը։

«Մենք երկու-երեք ամիս մեկուսացված ենք, և չգիտենք, թե ինչ կլինի, եթե կրկին համաճարակ լինի։ Հետո մենք կրկին կարանտինի մեջ կլինենք, մեզ ավելի շատ կեր կպահանջվի, չենք կարողանա կենդանիներին արոտավայր տանել, ինչի արդյունքում արտադրական ծախսերը կաճեն», - ասել է ֆերմեր Սոտիրիս Ստամբուլիսը։

Ֆերմերներն ընդգծում են, որ անասնագլխաքանակի կտրուկ անկումը և դրան հաջորդող կաթի արտադրության անկումը այժմ լուրջ սպառնալիք են ներկայացնում ֆետա տեսակի պանրի արտադրության համար: Այդ հայտնի պանիրը, որի անունը ներառված է ԵՄ-ի կողմից պահպանվող անվանումների ցանկում, համարվում է Հունաստանի ամենաարժեքավոր արտահանման ապրանքներից մեկը:

Թեսալիայի պանրագործները նշում են, որ այս տարի կաթի արտադրությունը նվազել է մոտ 40 տոկոսով: Սա երկրի ֆետա տեսակի պանիր արտադրող հիմնական շրջանն է, և այդ ապրանքատեսակը կազմում է արտահանման բոլոր ծավալների կեսից ավելին, ուստի Թեսալիայում արտադրական շղթայի ցանկացած խափանում կազդի երկրի ամբողջ տնտեսության վրա:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում