Ինչու է ընտրողների թիվը մոտ 100 հազարով պակաս. պարզաբանում է Նելլի Դավթյանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հանրապետությունում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշեց, որ այս թիվը հրապարակելիս մի քանի տվյալ է ստուգվել՝ անձը ՀՀ քաղաքացի է, 18 տարին լրացած է և անձնագրի ժամկետը լրացել է ընտրությունների օրվանից առավելագույնը 6 ամիս առաջ։ Ինչու է այս տարի ընտրողների թիվը նախորդ ընտրությունների համեմատ մոտ 100 հազարով պակաս, և դա այն դեպքում, երբ հայտարարվում է, որ ներգաղթ է։

«Մենք շարունակում ենք պնդել, որ 2022-ից ի վեր քաղաքացիության դիմումները եռակի աճել են, դրան գումարած Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիները։ Այս ընտրություններին ընտրողների թվի այդպիսի տարբերության պատճառն այն է, որ 2021 թվականի հաշվարկի ժամանակ անկախ նրանից, թե անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրանալուց որքան ժամանակ է անցել, հաշվի են վերցվել։ Հիմա հաշվի են վերցվել այն անձինք, որոնց անձնագրի ժամկետը լրացած է ոչ ավելի, քան 6 ամիս»,-ասաց Նելլի Դավթյանն՝ ընդգծելով, որ թիվը կփոխվի, երբ ընտրություններից 41 օր առաջ հրապարակվի ընտրողների նախնական ցուցակը։ Քաղաքացիները կարող են ստուգել, թե արդյոք իրենց անունը կա ցուցակում, թե ոչ։ Չլինելու դեպքում ժամանակ կունենան քայլեր ձեռնարկելու։  

Ամեն դեպքում, եթե քաղաքացին ժամկետանց փաստաթղթով է և դա մինչև 6 ամիս ժամկետի մեջ տեղավորվում է, ու ցանկանում է գնալ, քվեարկել, ապա պետք է ընտրությունների օրը կամ դրանից 5 օր առաջ մոտենա որևէ տարածքային ստորաբաժանում և դիմում ներկայացնի, որպեսզի համապատասխան տեղեկանք ստանա։

Եթե ընտրությունների օրը փաստաթուղթը ժամկետանց է լինելու ավելի քան 6 ամիս, ապա անձի անունը չի լինելու ընտրացուցակներում։ Այնպես որ, անհրաժեշտ է մոտենալ ու անձնագրի փոխանակման դիմում ներկայացնել։ Ծառայությունը կտրամադրի ժամանակավոր ձևաթուղթ, որը կվկայի նոր անձնագիր ստանալու մասին և կկարողանա իրացնել իր ընտրական իրավունքը։

Բոլոր այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացի են, 18 տարին լրացած է, ունեն ընտրելու իրավունք։ Կապ չունի, թե քանի տարի ՀՀ-ում չի գտնվել կամ գտնվել է կարճ ժամանակով։

Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ քվեարկության օրը ծառայության գրասենյակները բաց են լինելու առավոտյան 08։00-ից մինչև 20։00-ն, շրջիկ կենտրոնները ևս գործելու են, իսկ տարածքային դատարաններն աշխատելու են արտահերթ ռեժիմով, որպեսզի ընտրելու իրավունքի վիճարկման որոշումը նույն օրն էլ լինի։

Հայերեն