Հայաստան

Մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս, ոչ մի քայլ հետ չենք արել և չենք անելու․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս, ոչ մի քայլ հետ չենք արել և չենք անելու․ վարչապետ

Երևանում շրջայցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նախկին իշխանությունների նկատմամբ պատասխանատվության վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին՝ նշելով, որ 2018 թվականից հետո պետական բյուջեի եկամուտները զգալիորեն աճել են։

«2018 թվականի հեղափոխությունից մինչև այսօր Հայաստանի պետական բյուջեի հավելյալ եկամուտները կազմել են 6,6 միլիարդ դոլար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացու հետ շփման ժամանակ ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ զուգահեռաբար գործում են նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները, ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ։

«Ես հասկանում եմ, որ տեմպից դժգոհ ենք մենք բոլորս, բայց պետք է հաշվի առնենք, որ մաֆիայի հետ գործ ունենք։ Մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Մաֆիայի դեմ կռիվ տալը հեշտ չէ»,- նշեց նա։

Փաշինյանը վստահեցրեց, որ գործընթացը շարունակական է, և հետքայլեր չեն եղել։

«Մենք ոչ մի անգամ ոչ մի քայլ հետ չենք արել։ Ուղղակի առաջ գնալու դժվարություն ունենք, բայց գնում ենք»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ իշխանությունները չեն գնացել կուլիսային կոմպրոմիսների և շարունակելու են առաջ շարժվել՝ ապահովելով ապօրինի գույքերի վերադարձը։

«Ոչ մեկ ոչ մի տեղ չի փախչի։ Բոլոր գույքերը կալանքի տակ են, ոչ մի տեղ չեն կարող շարժվել»,- ընդգծեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում