Քաղաքականություն

ԵՄ-ի շուրջ 3 մլրդ եվրոյի փաթեթից որքա՞նն է հասել Հայաստան․ քննարկում ԱԺ-ում

4 րոպեի ընթերցում

ԵՄ-ի շուրջ 3 մլրդ եվրոյի փաթեթից որքա՞նն է հասել Հայաստան․ քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում քննարկվել է Հայաստանի համար Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներն ու դրանց օգտագործման ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին տարբեր հարթակներում հայտարարվել է շուրջ 3 միլիարդ եվրոյի աջակցության մասին՝ ներառյալ 2,6 մլրդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթը, 270 մլն եվրոյի ծրագիրը և վերջերս հայտարարված լրացուցիչ 140 մլն եվրոն։

Պատգամավորը հարց բարձրացրեց՝ այդ գումարներից իրականում որքա՞նն է հասել Հայաստան և ինչպես է արտահայտվել տնտեսության մեջ։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց զգալի մասը վերաբերում է ենթակառուցվածքներին։

«Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, հիմնական մեծ կտորը վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհի ֆինանսավորմանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընթացքի մեջ են նաև Սյունիքի դիմակայունության և այլ ծրագրեր։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրեց ավելի կոնկրետ թվեր՝ նշելով, որ 2,6 մլրդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթից արդեն տեղաբաշխվել է 1 մլրդ 496 մլն եվրոն։

Նրա խոսքով՝ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում նախատեսված 270 մլն եվրոյից արդեն ծախսվել է 62,5 մլն եվրո, իսկ մոտ 210 մլն եվրոյի բաշխումը հաստատված է։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ներդրումների որակական ազդեցությանը։ Գևորգյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ազդեցություն ունեն այդ ծրագրերը Հայաստանի տնտեսական կառուցվածքի վրա։    

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ կապիտալ ներդրումները միջինում ունեն ՀՆԱ-ի աճի վրա մոտ 1,4 գործակից ազդեցություն, սակայն յուրաքանչյուր ծրագիր գնահատվում է առանձին՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների հիման վրա։

«Եթե խոսենք, օրինակ, այն ծրագրերի մասին, որոնք մենք իրականացնում ենք Եվրամիության հետ, ապա կասկածից վեր է, որ այն աշխատանքները, որոնք այժմ կատարվում են Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման ուղղությամբ, էական ազդեցություն կունենան նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կենսագործման տեսանկյունից։ Կարծում եմ՝ դրանք կարևոր ծրագրեր են թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումով, թեև դրանց լիարժեք ազդեցությունը տեսանելի կդառնա միայն այն ժամանակ, երբ ենթակառուցվածքները փաստացի կառուցված կլինեն։

Նույնը վերաբերում է նաև Սյունիքի դիմակայունության ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել բազմաբնույթ ենթակառուցվածքներ՝ մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ջրային համակարգեր և այլն»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Կոստանյանն էլ  իր հերթին հավելեց, որ ԵՄ աջակցությունը ներառում է նաև ստանդարտների և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում, ինչը կարող է առավել զգալի արդյունքներ տալ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում